Բշտիկներն ու կորյակներն սովորաբար ասոցացվում են դեռահասության շրջանի և հորմոնալ տատանումների հետ, սակայն խնդիրն այն է, որ դրանց առաջացումը որևէ կապ չունի տարիքի հետ, ուստի նման խնդիրներ կարող են առաջանալ յուրաքանչյուրի մաշկին ՝ դառնալով շատ տհաճ «անակնկալ»: Մաշկային այս խնդրի առաջացումը կարող է պայմանավորված լինել տարբեր գործոններով, այդ թվում նաև սթրեսով, սխալ սննդակարգով ու գենետիկ նախատրամադրվածությամբ, ուստի դրանց առկայությունը պետք չէ կապել բացառապես հորմոնալ տատանումների հետ։
Մաշկային նմանատիպ խնդիրներից միայն խնամքի միջոցների օգնությամբ ազատվելը երբեմն բավական դժվար է լինում, իսկ համապատասխան դեղամիջոցները հաճախ նաև մի շարք կողմնակի բարդություններ են առաջացնում՝ էլ ավելի վատթարացնելով մաշկի վիճակը, սակայն բնությունը, բարեբախտաբար, մարդկությանը տվել է անհրաժեշտ բոլոր բաղադրիչները տարատեսակ բորբոքումներից ազատվելու և առողջ, հարթ ու գեղեցիկ մաշկ ունենալու համար։ Այս բնական միջոցները բաղկացած են միայն բնական բաղադրիչներից, ուստի ոչ միայն արդյունավետ են ու հասանելի, այլև չեն առաջացնում որևէ կողմնակի բարդություն։
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում երկու բնական բուժիչ լոսյոն, որոնք կօգնեն հեշտությամբ ազատվել բշտիկներից ու մաշկային նմանատիպ այլ խնդիրներից: Այս միջոցները հատկապես արդյունավետ կլինեն յուղոտ մաշկի դեպքում, որն առավել հաճախ է գրգռվում ու բորբոքվում։
- Վարունգը քերիչով մանրացնել, այնուհետև ստացված զանգվածի 3 ճաշի գդալին ավելացնել 1 բաժակ եռման ջուր, 2 ժամ թրմել և քամել: Ստացված թուրմի մեջ լուծել 1 թեյի գդալ մեղր և ստացված լոսյոնն օգտագործել լվացվելուց հետո մաշկին քսելու համար:
- 1 ճաշի գդալ մանրացրած եղեսպակին ավելացնել 1 բաժակ եռման ջուր, կես ժամ թրմել և քամել: Ստացված թուրմի մեջ լուծել 1 թեյի գդալ մեղր և ստացված թուրմն օգտագործել ախտահարված մաշկին թրջոցներ դնելու համար:
Այս պարզ բնական միջոցները կարող են շատ արդյունավետ լինել, սակայն հարկ է հիշել, որ բշտիկները ոչ միշտ են լինում զուտ կոսմետիկ խնդիր և կարող են պայմանավորված լինել առողջական որոշակի խնդիրներով, ուստի մինչ դրանց դեմ պայքարելը հարկավոր է նախ բուժզննում անցնել ու բացառել վտանգավոր հիվանդությունները։
Հարկ է հիշել, որ ինքնաբուժությունը կարող է շատ տհաճ հետևանքներ ունենալ, ուստի առաջին հերթին հարկավոր է դիմել մաշկաբանին:
Լուրջ խնդիրների դեպքում միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել մաշկային խնդիրներից առաջացման պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ: