Ծրագրավորող Սամվել Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել երեկ մամուլում լայն տարածում գտած հայ աղջկա կողմից 3 ադրբեջանցիների ծեծի ենթարկած Դիանա Մարտիրոսյանի մասին։
Նա գրել է, որ կապի է դուրս եկել Դիանայի հետ և դեպքի հետ կապված երկար զրույց են ունեցել։ Նա մասնավորապես հայտնել է որ, Դիանան ապաակտիվացրել է իր բոլոր սոցիալական էջերը, քանի որ լուրը սկսել է լույսի արագությամբ տարածվել Ռուսաստանով, Հայաստանով ու Ադրբեջանով․ «Դիանային սկսել են միամգամից հազարավոր օգտատերեր գրել` և՛ լավ խոսքեր, և՛ վատ, և՛ դուխ տվող խոսքեր, և՛ սպառնալիքներ։
Հիմնական սպառնալիքները գնացել են ադրբեջանցի օգտատերերի կողմից, բայց վստահ եղեք, որ Դիանան թքած ունի էդ սպառնալիքների վրա, պրոֆիլները փակել ա, որ հանգիստ իր պարապմունքներին նայի, ինքը չի սիրում փիար և այլն, ու սոցկայքերից շատ չի օգտվում»։
Ինչպես տեղեկանում ենք Հայրապետյանի գրառումից, Իլհամ անունով երիտասարդի հայրը դիմել է ոստիկանություն.
«Դիանան խնդրեց, որ ես իմ էջում գրեմ, որ գոնե հայկական լրատվականները իրեն հանգիստ թողնեն, ինքը չի պատրաստվում որևէ լրատվականի հարցազրույց տալ ու հույսով է, որ էդ միջադեպը շուտ կմոռացվի, կգնա»,- հավելել է նա։
«Ադրբեջանցիներից 2-ի վիճակը գնահատվում է միջին ծանրության, մեկինը, դե, գիտեք քիթ ու դիմածնոտային խնդիր է, մյուսինը կողոսկրի ու ոնց որ թե նաև ականջի կոտրվածք»,-տեղեկացնում է մեդիափորձագետը։
Դիանայի եղբայրը իրավաբան է ու ըստ Սամվել Հայրապետյանի ներկայացրածի` գործը կփակվի կա՛մ ինքնապաշտպանության հոդվածով, կա՛մ արժանապատվության։ Ամեն դեպքում Դիանային լուրջ բան չի սպառնում։
Ինչպես նաև ՌԴ-ի մեծահարուստներից մեկը կապվել է Դիանայի եղբոր հետ, ու վստահեցրել, որ բոլոր ծախսերը վերցնում է իր վրա, սկսած հնարավոր գրավից՝ վերջացրած բարոյական փոխհատուցման գումարը։ Հայրապետյանը հայտնել է նաև, որ փետրվարին Դիանան պատրաստվում է գալ Հայաստան, 15 տարի է չի եղել այստեղ, այցելելու է նաև Արցախ։
2008 թվականից Դիանան ՌԴ-ում սկսել է զբաղվել տարբեր սպորտաձևերով, վերջին տարիներին զբաղվում է մարտեր առանց կանոնների սպորտաձևով։
«Պրոֆեսիոնալ մարզիկ ա ու հայրենասեր հայուհի, իր բոլոր սպորտային հագուստների վրա առկա է հայկական եռագույնը։ Իր համար հայկական եռագույն կրելը ոչ թե հայրենասիրական քայլ է, այլ պատիվ»,-գրել է Հայրապետյանը։
Հիշեցնենք, որ երեկ Մոսկվայում ազգությամբ հայ աղջիկը ծեծի էր ենթարկել 3 հարբած ադրբեջանցի տղամարդկանց։
Դիանան մարզասրահից տուն վերադառնալու ճանապարհին է եղել, հագին՝ Հայաստանի դրոշով սպորտային վերարկու և պայուսակ, հարբած ադրբեջանցիները` տեսնելով եռագույնը, անմիջապես սկսել են հայհոյանքներ հնչեցնել նրա հասցեին, ինչից հետո Դիանան ծեծի է ենթարկել նրանց։