Դեկտեմբերի 5-ին Արթիկի խոշորացվող համայնքում անցկացվելու են Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել վեց քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Ազատական», «Հանուն Հանրապետության», «Ապրելու երկիր», «Հանրապետություն» կուսակցությունները և «Միասնական Արթիկ» դաշինքը։
«Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության թեկնածուն նախկին պատգամավոր, բնապահպանության նախկին փոխնախարար, Գերագույն մարմնի անդամ Հակոբ Մաթիլյանն է։ NEWS.am-ի հետ զրույցում Մաթիլյանը նշեց, որ ինքը հաղթելու մեծ շանսեր ունի, սակայն բարդ քարոզարշավ է սպասվում։
«Ըստ էության որպես ընդդիմության թեկնածու մենակ եմ մնացել, մնացածները իշխանական թեկանածուներ են։ Համենայն դեպս, ես այդպես եմ կարծում, որովհետև երբ կուսակցությունների ցանկը նայում ենք, որ կարելի է ասել նույն ջերմոցից դուրս եկած ուժեր են։ Բայց ամեն դեպքում մենք վստահ ենք մեր հաղթանակի վրա և ամեն ինչ անում ենք այդ ուղղությամբ»,- ասաց նա։
Արթիկում քարոզարշավի մեկնարկը կտրվի նոյեմբերի 12-ին։
Մաթիլյանը չի բացառում, որ և նախընտրական քարոզարշավի և ընտրությունների ժամանակ կլինի վարչական ռեսուրսի կիրառում։
«Դրա վառ օրինակը տարբեր համայնքապետների նկատմամբ հարուցված անհիմն քրեական գործերն են։ Վարչական ռեսուրսի օգտագործումն այս իշխանության համար հաղթաթուղթ է դարձել», ընդգծեց Մաթիլյանը։
Կառավարության որոշմամբ՝ խոշորացվելու է նաև Արթիկ համայնքը։ Քաղաքին է միանալու 24 համայնք։ Քաղաքապետի թեկնածուի կարծիքով՝ այս պահին նման փոփոխություն անելը նպատակահարմար չէր։
«Ես կարծում եմ, որ խոշորացման արդեն սկսված գործընթացին կարելի էր դադար տալ, քանի որ ճիշտ ժամանակը չէ։ Համապատասխան ծրագիրը կար նաև «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակում՝ ուսումնասիրել խոշորացման տակ անցած համայնքներում տիրող իրավիճակը, թերի ու դեմ կողմերն հասկանալ աշխատանքը և նոր շարունակել գործընթացը, բայց չգիտեմ ինչու՝ շտապեցին իշխանությունները»,- հավելեց Հակոբ Մաթիլյանը։