SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն տեղեկություններ են փոխանցվել, որ Երևան քաղաքում գործող «Նատալի ֆարմ» և «Աստղիկ» բժշկական կենտրոնի բժշկական հաստատության բուժաշխատողների կողմից այս տարվա մայիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում կազմվել են փաստացի արտերկրում գտնվող անձանց «COVID-19» հիվանդության դեմ պատվաստված լինելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր և այդ տվյալները մուտքագրել են ՀՀ ԱՆ «Արմեդ» էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական համակարգ՝ դրանով հաստատելով վերջիններիս պատվաստված լինելու փաստը:

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնում նյութեր են նախապատրաստվում, քանի որ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանությունից այն փոխանցվել է ոստիկանության Մալաթիայի բաժին։

Հիշեցնենք, որ «Աստղիկ» բժշկական կենտրոնն ու «Նատալի ֆարմ» ընկերությունը պատկանում են Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար, «Լֆիկ Սամո» մականվամբ Սամվել Ալեքսանյանի ընտանիքին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: