«Եվրոպացի գիտնականներին ներկայացրել ենք նաև հոմանիշները, որոնք մենք մեր խոսույթում օգտագործում ենք և հայկական սորտերը ադրբեջանական փոխառություններով ենք կոչում։ 1948 թվականին ՀՀ ԽՍՀՄ գիտությունների ակադեմիան որոշմամբ 70 տեսակի տվել է հայկական անուններ։ Եթե հիմա էլ այցելենք գյուղեր, որտեղ խաղողագործությամբ են զբաղվում, կտեսնենք, որ դեռ Սովետի ժամանակներից կիրառվող փոխառություններ կան, օրինակ Արենին Մալահի կամ  Մելեհի են կոչել»,-ասում է Քրիստինե Մարգարյանը։

 

Հայ գիտաշխատողի խոսքով՝ դժվար պայքար է եղել։ Երբ սկսել են ուսումնասիրությունները, որևէ գիտական բազա՝ խաղողի հայկական սորտերի գենետիկայի հետ կապված, չեն ունեցել։ Եղել են միայն իրենց իսկ իրականացրած մի քանի անհատական պիլոտային նախագծեր։ Հիմա շուրջ 1300 գենոտիպեր ուսումնասիրել են ֆրագմենտային սեկվենավորման մեթոդով, գենոմի սեգմենտավորում են իրականացրել, շուրջ 200 նմուշի ամբողջական գենոմի սեկվենավորումն էլ վերջերս է ավարտվել։ Բոլոր նմուշների ծնողական ձևերի վերլուծությունից հասկացել են, թե «անհայտ» շատ սորտերից որոնք են հիբրիդային ձևեր, որոնք՝ տեղածին սորտեր։ Յուրաքանչյուր նոր հայտաբերված սորտի համար աշխատել են օրերով՝ համադրելով առկա գրականության բոլոր տվյալներն ու սորտի մորֆոլոգիական նկարագիրը։ Գիտնականը նկատում է՝ գործընթացը պիտի սկսվեր վաղուց, որպեսզի Ադրբեջանը հայկական խաղողի տեղածին սորտերն իրենով չաներ․

«Անկախությունից հետո Ադրբեջանը լուրջ աշխատանք է տարել, Եվրոպայի՝ խաղողի գենետիկական ռեսուրսները կառավարող ինստիտուտին նրանք բազմաթիվ սորտեր են ուղարկել ադրբեջանական անուններով, և դեռ այն ժամանակներից, որպես ծագման երկիր, նշվել է Ադրբեջանը»,-նշում է գիտնականը։

 

Հիմա Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտն ընդգրկվել է խաղողի գենոմի ուսումնասիրման ամենամասշտաբային նախագծերից մեկում, որն իրականացվում է Չինաստանի ֆինանսավորմամբ։ Հենց այդ նախագծի շնորհիվ է, որ հայկական սորտերի ամբողջական գենոմները սեկվենավորված՝ արդեն վերլուծության փուլում են։ Խաղողի ամբողջական գենոմի ուսումնասիրման ուղղությամբ Հայաստանում ոչինչ չի արվել։ Քրիստինե Մարգարյանի տեղեկացմամբ՝ Գերմանիայի կրթության և հետազոտությունների դաշնային նախարարության ֆինանսավորմամբ 2022թվին Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տարածքում կհիմնադրվի խաղողի հայկական տեղածին սորտերի կոլեկցիոն այգի՝ միջազգային ստանդարտներին համապատասխան։ Կտնկվեն անձնագրավորված վիրուսազերծ սորտեր, պատվաստված ֆիլոքսերակայուն արմատակալների վրա։ Այգին կունենա բացառապես գիտակրթական նշանակություն՝ միտված հայկական խաղողի գենետիկական ռեսուրսների պահպանմանը։ Գիտնականի խոսքով՝  սա հերթական ապացույցն է, որ գիտահեն տնտեսությամբ շատ բաների կարելի է հասնել։

loading...