Արդեն հայտարարվել է, որ 1000-ին մոտ քրգործ կա հարուցված պատերազմի դրվագներով. Շուրջ 40 մեղադրվող անձ կա եւ նաեւ կալանավորված անձինք կան. Ընդ որում, կալանավորված անձանց թիվը մոտենում է մեկ տասնյակի: Գործեր կլինեն, որ կգնան դատարան: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 7-ին, Հանրային հեռուստաեսությանը տված հարցազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ սխալներ են եղել ռազմական առումով:

«Առանձին վերցրած դրվագները պետք է իրավական գնահատականի արժանանան, բայց պետք է հասկանանք, որ դրանք այսբերգի երեւացող կողմն են:
Ի՞նչ սխալներ են տեղի ունեցել. օրինակ բանակաշինության ոլորտում մենք ֆունդամենտալ խնդիրներ ենք ունեցել: Այդ խնդիրները բոլորինս են: Բանակը երկար տարիներ, ըստ էության, եղել է անձեռնմխելի: Ճիշտը է, ահազանգեր են եղել բանակում տեղի ունեցող չարաշահումների մասին, բայց սովորաբար այդ ահազանգերի հեղինակները համարվել են ոչ կառուցողական, ապազգային եւ այլն:

Ինչպես է տեղի ունեցել բանակի թատերաբեմում զարգացումը, ինչպես է ձեւավորվել ու ծախսվել բանակի բյուջեն: Սրանք հարցեր են, որոնք շատ կարեւոր են եւ ի վերջո, կանխորոշել են գործողությունները ռազմական թատերաբեմում: Հայտարարությունների եւ իրականության միջեւ խզումը, երբ օրինակ, անվտանգության խորհրդին զեկուցվում է, որ բանակն ի վիճակի է ոչ մի քայլ հետ տրամաբանությամբ պահել առաջնագիծը, բայց գործնականում դա տեղի չի ունենում: Սրանք հարցեր են, որոնք շատ լրջորեն պետք է քննարկվեն: Բայց համակարգային առումով պետք է խոստովանենք, որ ըստ էության, ձախողել ենք բանակաշինության գործը այն առումով, որ բանակը պիտի համապատասխաներ այն մարտահրավերներին, որոնք առկա են ՀՀ շուրջ: Երբ տեսնում ենք, թե ինչ բյուջետային զարգացումներ են եղել պաշտպանական ծախսերի Ադրբեջանում եւ Հայաստանում: Այս ամենը արտահայտվել է կոնկրետ տեղամասերում, կոնկրետ բնագծերուն կոնկրետ երեւույթներով»,-հայտարարեց Փաշինյանը:

 

Նա նկատեց, որ երկար տարիներ ՀՀ-ում պահեստազորի զորահավաքներ պատշաճ ձեւով չի իրականացվել. «2019-ին մենք իրականացրինք ՀՀ-ի պատմության մեջ ամենածավալուն զորահավաքը: Հիմա էլ մոբիլիզացիոն ռեսուրսի աշխատանքի տրամաբանությունը շարունակում ենք»,-ասաց վարչապետը:

Հարցին, թե ինչպիսի՞ն է գնահատում մեր բանակի մարտունակությունը, սպառազինության կորուստների համալրումը, Փաշինյանն ասաց. «Մեր բանակը գտնվում է բարեփոխումների փուլում, մենք վճռական ենք այդ բարեփոխումներն իրականացնել՝ նպատակ ունենալով պրոֆեսիոնալ բանակի հիմնումը ՀՀ-ում, որի գործուն էությունը հիմնված է բացառապես պաշտպանական տրամաբանության վրա:

Հայաստանը որեւէ ռազմական հարձակում գործելու նպատակ  չունի: Մեր ԶՈՒ-ն պետք է պաշտպանի մեր սահմանները հնարավոր ագրեսիաներից»: