Ավանեսյանը վստահեցրեց` քաղաքացիների անվճար թեստավորման իրավունքի մասին մշտապես հայտարարվել է:

 

Սիմպտոմ ունենալու պարագայում կարող եք անվճար թեստավորվել։ Այս մասին այսօր ԱԺ առողջապահության և ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, պատասխանելով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին, ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին:

 

«Որ ասում եք՝ եթե մարդը վատ է զգում, պետությունը նրան ձրի թեստավորման հնարավորություն է ընձեռում, դրա մասին մի քիչ բարձր ասեք, որովհետև ես ինքս մի քանի անգամ վճարել եմ՝ վատ զգալով հանդերձ: Հիմա ի՞նչ անեմ, գնամ այդ լաբորատորիաներին դատի տա՞մ, ասե՞մ փողս հետ տվեք: Կամ ինչպե՞ս եղավ, որ անցյալ տարի այս օրը թեստը 20 000 դրամ էր, այսօր դարձել է 8 500»,-ասաց Խաչատրյանը:

 

Նախարար Ավանեսյանը նշեց, որ պատգամավորն ուղղակի լավ տեղեկացված չի եղել, որ նման դեպքում անվճար թեստավորվելու իրավունք ունի:

 

«Այո՛, սիմպտոմ ունենալու պարագայում կարող եք մոտենալ պոլիկլինիկա և անճար թեստավորվել, ինչն արվել է COVID-ի հայտնաբերման առաջին իսկ օրերից»,- հայտարարեց Ավանեսյանը։

 

Նա միաժամանակ վստահեցրեց, որ քաղաքացիների անվճար թեստավորման իրավունքի մասին մշտապես հայտարարվել է: