Երգիչ, «Ազգի ձայն» կուսակցության առաջնորդ Մհեր Արմենիան համոզված է, որ իրենց շարժումը մեծ արձագանք է ստացել հանրության մեջ։ Եւ իրենց պայքարի արդյունքն այն էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մեկնել Սոչի և նոր փաստաթուղթ չի ստորագրել։
Նշենք, որ նա իր համազգային շարժումը սկսել էր Շուռնուխից դեպի Հանրապետության հրապարակ։
«Նիկոլ Փաշինյանն ի գիտություն ընդունեց մեր պայքարն ու մեր պահանջները»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Ազգի ձայն» կուսակցության առաջնորդ Մհեր (Արմենիա) Մեսրոպյանը։
Դիտարկմանը, որ ամեն դեպքում առաջիկայում եռակողմ հանդիպում նախատեսվում է, նա նկատեց՝ փաստաթղթի ստորագրումն առայժմ առկախվել է, բայց այնպես չէ, որ մեկ շաբաթից կարող է նորից ստորագրելու պահանջ չլինի, սակայն այս պահի դրությամբ նա չի մեկնում։
Մհեր Արմենիան նշեց, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը դեռ առջևում է, և դա կախված է ժողովրդից։ Ապա՝ քննադատեց ընդդիմությանը։
«Օրինակ «Հայաստան» դաշինքը փողով մարդկանց է բերում։ Իհարկե, ոչ բոլորը, բայց կեսից շատը փողով են գնում։ Վառ ապացույցն էլ երեկվա 3500 հոգանոց հանրահավաքն էր։ Այստեղ Քոչարյան-Փաշինյան խաղ եմ տեսնում։ Անկեղծություն չկա ազգի հետ, ուղղակի թատրոն է»,-ասաց Մհեր Արմենիան։
Վերջինս հավելեց՝ ինքը երբեք չի հայտարարել, որ պատրաստվում է վարչապետ լինել։ Միայն ասել է, որ սկսում է շարժում, որի արդյունքում պետք է իշխանափոխություն լինի և գործադիրը հրաժարական տա։
«Մեզ պետք է, որ մեր կողքին կանգնեն սովորական քաղաքացիներ։ Չենք պատրաստվում շահարկել զոհվածների ծնողներին, անհետ կործաների, գերիների ծնողներին։ Այսօր մենք պետք է ազգովի կանգնենք նրանց կողքին, այլ ոչ թե նրանց ներգրավենք քաղաքական պրոցեսների մեջ»,-ասաց Մհեր Արմենիան։
Անդրադառնալով Հայաստանի մարզերում տիրող իրավիճակին՝ Մհեր Արմենիան ասաց, որ մթնոլորտը շատ վատ է, քանի որ հայը լքում է Հայաստանը և չի ուզում այստեղ ապրել։
«Հայն անտարբեր է իր ազգի, հայրենիքի համար։ Մարդիկ գաղթի ճանապարհ են բռնել։ Մարդիկ ասում են՝ Երասխում կրակում են, մեր մոտ պատուհանները դղրդում են։ Մեզ համար կարևոր է, որ ազգն ուշքի գա»,-ասաց Մհեր Արմենիան։
Շուռնուխից քայլերթը սկսելով՝ Մ.Արմենիան հայտարարել էր, որ հանրահավաք է տեղի ունենալու Երեւանում՝ «Փաստինֆո»-ի հարցին՝ արդյոք կայացավ իրենց հանրահավաքը, Մհեր Արմենիան նշեց, որ անելիքների մասին կտեղեկացնեն ֆեյսբուքյան էջի միջոցով։
Աղբյուր` Փաստինֆո