ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն այսօր թարմացրել է հակահամաճարակային նորմերի վրա աչք փակելու իր սեփական ռեկորդները: Օրեր առաջ Քոչարյանին նկատել էին առևտրի կենտրոններից մեկում՝ առանց դիմակ, հանրային ռեզոնանսին վերջ տալու նպատակով առողջապահության նախարարի մակարդակով հայտարարվեց, որ պաշտոնյաները` ով էլ որ լինեն, պետք է պատժվեն և տուգանվեն՝ նորմերը չպահպանելու համար:

 

Անահիտ Ավանեսյանի հայտարարությունը, սակայն, Անդրանիկ Քոչարյանին առանձնապես չի հուզել, նա այսօր էլ հայտնվել էր Եռաբլուրում՝ առանց դիմակ` դեռ մի բան էլ հայտարարելով, որ լավ է անում՝ խախտելով այն նույն նորմերը, որոնք չպահպանելու համար հպարտ քաղաքացիների գրպանները օրը ցերեկով անխնա դատարկում են: Սակայն, ուշագրավ է այն, որ պաշտոնյաներին դիմակ կրելու հրահանգ տվել է ոչ միայն Ավանեսյանը, այլ նաև Նիկոլ Փաշինյանը: Վերջինս նույնիսկ օրինակ է ծառայում ՔՊ-ականների համար` մշտապես շրջելով դիմակով: Ստացվում է՝ Անդրանիկ Քոչարյանը իրեն վեր է դասում անգամ Նիկոլ Փաշինյանից և չի ենթարկվում անգամ իր քաղաքական ղեկավարի հրահանգներին, Փաշինյանի կենդանի օրինակն էլ Անդրանիկ Քոչարյանի համար վարակիչ չի դառնում: