ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել այսօր Մալաթիա –Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի Նորիկի փողոցի տներից մեկում տեղի ունեցած սպանությունից, թե ինչու է աղջկա եղբայրը սպանել ապագա փեսային:

 

Այսպիսով ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ նոյեմբերի լույս 8-ի գիշերը 36-ամյա Արսեն Սիմոնյանն իր նշանած աղջկա տանն է եղել եւ ընտանիքի անդամներով զրուցել են տարբեր թեմաներից: Զրույցի ընթացքում փեսայի հեռախոսահամարին նամակ է եկել: Արսեն Սիմոնյանի ապագա հարսնացուն հետաքրքրվել է, թե ով քեզ այս ժամին նամակ գրեց: Արսեն Սիմոնյանը հրաժարվել է ընկերուհուն տալ հեռախոսը եւ առհասարակ ցույց տալ, թե ով է իրեն նամակ գրել:

 

Հեռախոսահամարին եկած նամակի շուրջ զույգերի մեջ սկսվում է տհաճ խոսակցություն, որի ժամանակ Արսեն Սիմոնյանը բռնում է իր հարսնացուի կոկորդը: Այս տեսարանը տեսնում են հարսնացուի ընտանիքի անդամները եւ խառնվում են նրանց վեճին, հնչում են հայհոյանքներ, որից հետո աղջկա եղբայրը դանակով հարվածում է ապագա փեսային՝ Արսեն Սիմոնյանին, ինչից էլ նա մահանում է: Արդյունքում ձրբակալվել են սպանվածի հարսնացուն, հարսնացուի մայրը և եղբայրը։

 

Հիշեցնենք, որ ոստիկանությունը հայտնել էր, որ նոյեմբերի լույս 8-ի գիշերը ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում է ստացվել, որ անհայտ անձը դանակով հարձակվել է Հաղթանակ թաղամասի Նորիկի փողոցի տներից մեկի վրա։

 

Ահազանգին արագ արձագանքած օպերատիվ խումբն ու տարածքում գիշերային ծառայություն իրականացնող պարեկները մեկնեցին Հաղթանակ թաղամաս։ Ահազանգողի նշած փողոցի թիվ 20 տանը իրավապահները հայտնաբերեցին 36-ամյա Արսեն Սիմոնյանի դին։ Մարմնի տարբեր մասերում կտրած-ծակած վնասվածքներ կային։ Տղամարդը Կոտայքի մարզի բնակիչ էր։

 

Մալաթիայի ոստիկանները տեղում իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզեցին հետևյալը։ Նախնական տվյալներով՝ տանը հացկերույթ էր եղել, որին մասնակցել էր նաև տան բնակիչներից 27-ամյա աղջկա ընկերը՝ Արսեն Սիմոնյանը։ Հացկերույթի ընթացքում վեճ էր սկսվել, որի ժամանակ աղջկա եղբայրը դանակով հարվածներ էր հասցրել ապագա փեսային: Ստացած վնասվածքների հետևանքով տղամարդը մահացել էր։

 

Մալաթիայի ոստիկանները 22-ամյա երիտասարդին հայտնաբերել ու ներկայացրել են տարածքային քննչական մարմնին, որտեղ դեպքի առթիվ սպանության հատկանիշներով քրեական գործ է հարուցվել։ Երիտասարդը ձերբակալվել է։ Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք դանակը, որն առգրավվել է։