Գրող, հրապարակախոս, պետական և քաղաքական գործիչ Վանո Սիրադեղյանի մահվանից անցել է շուրջ մեկ ամիս, ավելի ստույգ՝ 25 օր, բայց նրան մինչ օրս չեն հուղարկավորել։ Հոկտեմբերի 16-ին է մահացել Վանոն՝ 75 տարեկան հասակում, 17-ին լուրը տարածվել էր համացանցում։ Երեք օր անց՝ հոկտեմբերի 20-ին, հայտարարարվեց, որ Վանո Սիրադեղյանի հուղարկավորության կազմակերպման նպատակով կառավարական հանձնաժողով պետք է ստեղծվի։ Դրանից մոտ տասն օր հետո միայն՝ նոյեմբերի 3-ին, հայտարարվեց հանձնաժողովի ձևավորման մասին։

 

Կառավարության հրապարակված որոշման համաձայն՝ հանձնաժողովը գլխավորում է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, իսկ հանձնաժողովի կազմում ընդգրկվել են բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ոստիկանապետ Վահե Ղազարյանը, Երևանի քաղաքապետի տեղակալները, լրագրող և խմբագիր Վասակ Դարբինյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետը, Վանո Սիրադեղյանի որդին և այլք։

 

Թվում է, թե ամեն ինչ արվել է՝ Վանոյին պանդխտությունից հայրենիք «վերադարձնելու» և պատվով հողին հանձնելու համար, բայց միայն թվում է։ Մահվանից 18 օր անց միայն ձևավորված կառավարական հանձնաժողովը մեկ շաբաթ է՝ ոչինչ չի անում։ Անհայտ է Վանո Սիրադեղյանի աճյունի գտնվելու վայրը, թեպետ մամուլում օրերս գրվեց, թե աճյունն արդեն Վրաստանում է, անհայտ են նրան Հայաստան տեղափոխելու և հուղարկավորելու ժամկետները հայտնի չէ նաև՝ որտեղ է նա, ի վերջո, թաղվելու։

 

Հայ ազգային կոնգրեսը, հիշեցնենք, կոչ էր արել Վանո Սիրադեղյանին հուղարկավորել Կոմիտասի անվան պանթեոնում՝ հաշվի առնելով «ժողովրդին նրա մատուցած ծանրակշիռ ծառայությունները՝ գրականության և պետական կառավարման բնագավառներում»: Բայց Հայաստանի իշխանությունները կարծես չեն համաձայնել դրան՝ առաջարկելով Վանոյին հուղարկավորել Երևանի կենտրոնական գերեզմանատանը՝ Թոխմախի փոքր պանթեոնում։ Սա բորբոքել էր Սիրադեղյանի դստեր՝ Արփի Սիրադեղյանի ցասումը եւ նա իր ֆեյսբուքյան էջում հիշել էր հոր նշանավոր բնորոշումը  «գյադաների ժամանակներն» ու դա վերահասցեագրել այսօրվա իշխանություններին.

 

«Ես Արփի Վանոյի Սիրադեղյանս եւ իմ ընտանիքը համաձայն չենք, որ մեր հայրը հուղարկավորվի Թոխմախի գերեզմանատանը։ Վանոն պետության հիմնադիրներից է և որպես նշանավոր գրող, պետական եւ քաղաքական գործիչ՝ ունի պատմական լիիրավ իրավունք՝ հանգիստ հանգչելու Կոմիտասի անվան Պանթեոնում։ Սակայն իշխանավորները դա ճիշտ չեն համարում, քանի որ էությամբ ստրուկ են, ձևով դավաճան, տեսակով մանրապճեղ։ Եվ եթե օրվա գյադաները իրենց ղեկապետի գլխավորությամբ Վանոյի դեմ կռիվ են տալիս Վանոյի վախճանից հետո` ուրեմն հայրս կհուղարկավորվի մեր ընտանեկան գերեզմանատանը` ոչ ուրիշ տեղ»,- գրել է Սիրադեղյանի դուստրը՝ իր խոսքը եզրափակելով․ «Վանոն եղել է, կա ու լինելու է` իր գրով ու գործով։ Դուք արդեն պատմության աղբանոցում եք»։

 

 

Կառավարական հանձնաժողովի այս անգործությունը երկու պատճառ կարող է ունենալ՝ կամ նրանք անզոր են Վանոյին բերել Հայաստան, կամ չեն ուզում։ Եթե չէին ուզում, ինչո՞ւ կառավարական հանձնաժողով ձևավորեցին։ Եթե ձեւավորել են, կնշանակի ընդունում են, որ հանգուցյալը պետական այց է եւ նրա հուղարկավորությունը պատշաճ կարգով եւ ժամկետում կազմակերպելը պետք է լինի առաջնահերթ խնդիր: Սա եւս մեկ ապացույց է պետության չգոյության, պետական այրերի անճարության, ամուլ և անգործունակ լինելու մասին։ Ինչպե՞ս կարող է պետությունը, պետության առաջին դեմքն այնքան անզոր լինել, որ չկարողանա պետական մակարդակով կապվել տվյալ երկրի իշխանությունների հետ եւ հարթի աճյունը հայրենիք տեղափոխելու խնդիրը:

 

Լավ, կենդանության օրոք մատը մատին չտվեցիք, որ Սիրադեղյանը վերադառնա հայրենիք եւ կյանքի վերջին տարիներն ապրի իր հարազատ միջավայրում, ձեր մանրախնդրությամբ եւ կասկածամտությամբ ամեն ինչ արեցիք, որ հորինված իրավական խոչընդոտները չկարգավորեք եւ Սիրադեղյանի վերադարձի համար նպաստավոր պայմաններ չստեղծեք, գոնե` մահից հետո արեք դա:

 

Անգամ եթե մոռանանք, որ Վանոն դերակատարում է ունեցել Նիկոլ Փաշինյանի թերթի` «Հայկական ժամանակի» ճակատագրում եւ տարիներ շարունակ թղթակցել է նրա թերթին` Ավետիս Հարությունյան կեղծանունի տակ` մեծ ճանաչում եւ հեղինակություն ապահովելով թերթի ու նրա խմբագրի համար, մի՞թե 1988 թվականին Սիրադեղյանի դերակատարումը, անկախացման ակունքներում նրա գտնվելը, երկրում 90-ականներին տիրող բեսպրեդելը կանոնակարգելը եւ այլ արժանիքներ ոչ մի դեր չեն խաղում:

 

Կառավարության լրատվականին խնդրեցինք պարզաբանել, թե ինչով է զբաղված Սիրադեղյանի հուղարկավորության կառավարական հանձնաժողովը, մեզ ասացին․ «Կառավարական հանձնաժողովի աշխատանքների արդյունքների մասին կտեղեկացվի, երբ որ այդ աշխատանքները կամփոփվեն ու ավարտին կհասցվեն»։

 

Աղբյուրը՝ ՀՐԱՊԱՐԱԿ