ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց կառավարության ներկայացրած օրենքի նախագծին, որով առաջարկվում է կարգավորել օդանավակայանների տարածքում մարդատար տաքսի ավտոմոբիլների փոխադրումների գործընթացը, օդանավակայանից փոխադրումներ իրականացնելու համար կպահանջվի «Ա» տիպի լիցենզիա: «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը:

«Առաջարկվում է կարգավորել օդանավակայանների տարածքում մարդատար տաքսի ավտոմոբիլների փոխադրումների գործընթացը, օդանավակայանի տաքսի կայանատեղից փոխադրումներ իրականացնելու համար սահմանել Ա տիպի լիցենզիայի պահանջ, որի պետական տուրքը տարեկան նախատեսվում է 200 հազար դրամ, սահմանել օդանավակայանի տաքսի ծառայություն մատուցող տրանսպորտային միջոցների կահավորմանը, արտաքին տեսքին և տարիքային սահմանափակմանը ներկայացվող պահանջներ: Այսինքն՝ այն պետք է լինի շախմատաձև և աերոտաքսի գրառմամբ տաքսի նշանով, գույնի առումով ընտրել ենք սպիտակ գույնը»,-ասաց Սիմոնյանը:

 

Բացի այդ, դրվել է մեկ սահմանափակում ևս, 7 տարեկանից բարձր թեթև մարդատար տրանսպորտային միջոցներով արգելվելու է այդ տեսակի լիցենզիա ստանալ: Իսկ եթե առանց լիցենզիայի օդանավակայանի կայանատեղիներից փոխադրումներ իրականացնեն, ապա կտուգանվեն նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի չափով:

 

«Ես բավականին բողոքներ եմ լսել հենց օդանավակայան մտնող մարդկանց կողմից տաքսի ծառայությունների անկազմակերպ վիճակի հետ կապված ու, կարծում եմ, այս նախագիծը պետք է հաստատել»,-ասաց հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը:

 

ՔՊ-ից Հովիկ Աղազարյանն էլ հետաքրքրվեց, «Եթե սովորական տաքսին մտավ օդանավակայան, հանկարծ ինչ-որ ձևով ուղևոր վերցնի, դա ո՞նց է կարգավորվում»: Արմեն Սիմոնյանն էլ արձագանքեց՝ հենց խնդիրը դրանում է, որ օդանավակայանի տարածքի կայանատեղիից փոխադրումներ իրականացնելու համար պետք է ունենալ համապատասխան լիցենզիա՝ Ա տեսակի լիցենզիա:

 

«Հայաստան» խմբակցությունից Հռիփսիմե Ստամբուլյանը օրինագիծը շատ կարևորեց՝ նշելով,  որ ոլորտը կանոնակարգվում է: «Բայց անհատ վարորդների հարցն ինչպե՞ս է լուծվելու: Իսկ ինչ վերաբերում է սպիտակ գույնին, հուսով եմ, դա ևս կվերացվի, քանի որ ստիպել մարդկանց, որ մեքենաների գույները փոխեն, իրատեսական չէ»,-ասաց նա:

 

Պատգամավորը խոսեց նաև խախտման դեպքում տուգանքի չափի մասին, ինչին ի պատասխան փոխնմախարարն ընդգծեց, որ տուգանքը պետք է լինի նախազգուշացնող միջոց, այլ ոչ թե պատիժ, որի տակից հնարավոր չի լինի դուրս գալ: Ըստփոխնախարարի՝ 50 հազար դրամը բավականին բալանսավորված սահմանաչափ է:

 

Քվեարկությամբ նախագիծը հանձնաժողովում ստացավ դրական եզրակացություն: