«Ստի կայսրություն ստեղծողին պետք է ռադ անենք»,- ասում է բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը՝ գործող իշխանությանը մեղադրելով 44-օրյա պատերազմի պարտության եւ հազարավոր կյանքեր խլելու մեջ: Զոհվածներից մեկն էլ նրա որդին է՝ երիտասարդ բանաստեղծ Վաչագան Մանուկյանը: Որդու հերոսական մահը պոետ հոր համար անասելի վիշտ է, որը մեկ տարում չի սփոփվել ոչնչով: Մի կողմից՝ խորացող կարոտն է կրծում սիրտը, մյուս կողմից՝ պատերազմը դավաճանածների անպատիժ մնալը, որ բավական չէ՝ անպատիժ է, դեռ շարունակում է ամուր պահել իշխանական սանձը:
«Սկզբում մտածում էի՝ հասնել նրան, որ դավաճանները, պատերազմի օրենքով, գնդակահարվեն Եռաբլուրում: Բայց հետո հասկացա, որ դրանց պիղծ արյունը՝ թեկուզ զոհերի ոտքերի տակ, սրբապղծություն կլինի: Կարծում եմ՝ ճիշտը կախաղան բարձրացնելն է իրենց հայրենի Ադրբեջանում»: Որդու զոհվելուց հետո բանաստեղծը պատերազմից վերադարձած շատ-շատերի հետ է զրուցել, այդ թվում՝ Վաչագանի ծառայակիցների: Ասել են՝ առաջնագիծն այնքան անտեսված էր, որ ոչ միայն ռազմամթերք չեն ունեցել, այլեւ՝ սնունդ եւ ջուր: «Վաչագանն է կազմակերպել՝ գետից ջուր են բերել, եռացրել, որ խմեն: Բա չասե՞ս՝ գերագույն գլխավոր փալաս, չես կարողացել անգամ էդ հարցերը լուծել: Դու կարո՞ղ էիր հաղթանակ բերել, որ էդ ստով ամբողջ ազգին կերակրեցիր…»:
Նրա կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանն ինչպես սուտ ապրում է, այդպես էլ ղեկավարում է: «Էժանագին փիառի համար նույնիսկ իր տղային չխնայեց. տարավ պատերազմ, սարքեց լակոտ, հետ բերեց որպես լակոտ: Իր համար ապրում էր, էլի, ինչի՞ փչացրիր: Բա դու չգիտեի՞ր, որ քո տղան էլ քո նման վախկոտ է (Խաչիկ Մանուկյանն այլ բառ է օգտագործում` Ս. Մ.), իրենից կռվող դուրս չի գա: Հետո էլ տեսար, որ հերոս չի ստացվում, տարար, գարեջրավաճառ սարքեցիր»:
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովից որեւէ ակնկալիք չունի բանաստեղծը: Ասում է՝ տեսե՞լ ես, որ հանցագործն ինքն իրեն դատի: «Զինվորների հետ զրուցելով՝ ես մի քանի ամսում կարողացա պատերազմի ամբողջ պատկերն ունենալ: Իրենք չե՞ն կարողանում, թե՞ չեն ուզում: Դավաճանների իրական դեմքը կերեւա այն ժամանակ, երբ սրանք իշխանության չեն լինի: Այնքան էլ լկտի են, որ պարտությունը գցում են զինվորի գրպանը… Չի ստացվի, իզուր մի տանջվեք, ամեն բան ջրի երես է դուրս գալու, եւ դուք՝ ձեր ամբողջ ոհմակով, որոնցից շատերը վտանգը զգալով՝ թռնելու փորձեր են անում, դատվելու եք»:
Խաչիկ Մանուկյանի պայքարը քաղաքական չէ. նա հետամուտ է՝ բացահայտելու մեզ պարտադրված պարտության հանցագործներին: «Քանի դեռ դավաճանված պատերազմի մեղավորները գնդակահարված չեն, ի՞նչ քաղաքականության մասին է խոսքը, դա ճիշտ օրակարգ չէ»:
Ի դեպ, ոչ ճիշտ օրակարգի մասին էր խոսել նաեւ Նիկոլ Փաշինյանը՝ Հ1-ին տված հարցազրույցում, երբ անդրադառնալով նոյեմբերի 8-ի հանրահավաքին, ասել էր՝ հանրահավաք կազմակերպողները ճիշտ օրակարգ չեն ընտրել: «Այդ մտքի հետ համաձայն եմ, որովհետեւ այդ հանրահավաքը մեկ օրակարգ պետք է ունենար՝ գնդակահարել դավաճաններին»:
Աղբյուրը՝ ՀՐԱՊԱՐԱԿ