«ՀՀ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհի Տաթև- Աղավնո հատվածի ասֆալտապատումն արդեն ավարտվել է, և փաստացի այլընտրանքային ճանապարհն ամբողջությամբ պատրաստ է»։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 10-ին , մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ խոսելով ճանապարհաշինության ոլորտում ընթացքի աշխատանքների մասին:

 

Նա նշեց, որ Սյունիքի մարզի Տաթև-Լծեն ավտոճանապարհը, ինչպես նաև մի շարք համայնքներում՝ Շուռնուխ, Որոտան, Բարձրավան, ճանապարհներ են կառուցվում։

«Այս պահին կարևոր ենք համարում նաև Սիսիան-Քաջարան հատվածի հետ կապված աշխատանքները. կառավարության որոշում  նախապատրաստեցինք, համաձայն որի այդ ճանապարհի կառուցումը դիտվեց որպես առաջնահերթություն։ Հիմա ընթացիկ աշխատանքներ են արվում, որպեսզի մրցութային փուլը անցնենք և 2022 թվականին սկսվի շինարարությունը»,- ասաց Սանոսյանը։

 

Նախարարն ընդգծեց, որ ճանապարհաշինության բնագավառում ընթացիկ աշխատանքներ են հիմնականում եղել, դրանք շարունակվում են։