Այսօր՝ ժամը 14։20-ի սահմաններում, Երևանի Նոր Նորք վարչական շրջանում քաղաքացիները ականատես են եղել և տեսագրել են փողոցում տղամարդու կողմից կնոջ նկատմամբ ֆիզիկական բռնություն։ Բռնության գործադրող տղամարդը վարում է 45OO010 համարանիշներով Mercedes մակնիշի ավտոմեքենա։

Ականատեսների վկայությամբ՝ բռնության ենթարկվող կինը հեռացել է դեպքի վայրից այլ մեքենայով, իսկ բռնարարը մեքենան քշել է տվյալ մեքենայի գնացած ուղղությամբ։

Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը տեղեկանալուն պես կապվել է ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հետ։ Տեղեկացրել են, որ նշված հանցագործության մասին արդեն իսկ ունեն հաղորդում, և համապատասխան միջոցառումներ են իրականացվում։

Այս մասին հայտնում է Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը:

Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ դեպքը տեղի է ունեցել Երևանի Արմենակյան փողոցում։ Պարզվել է տեսանյութում երևացող տղամարդու ինքնությունը։