Դեկտեմբերի 5-ին Վաղարշապատ խոշորացմած համայնքում անցկացվելիք ՏԻՄ ընտրություններին մասնակցելու են 5 քաղաքական ուժեր։ «Հայրենատեր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն քաղակտիվիստ Ջիվան Աբրահամյանն է։

 

Ջիվան Աբրահամյանը ժամանակ առ ժամանակ Ազատության հրապարակում հանրահավաքներ էր անցկացնում՝ Մանվել Գրիգորյանին կալանավորելու պահանջով։ Նման հանրահավաքներից մեկի ժամանակ նա ասել էր, որ «քարով կցխի Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլուխը», եթե ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին ընդունեն Արցախում։ Դեպքի առթիվ ոստիկանությունը քրգործ չէր հարուցել՝ հանցակազմի բացակայության հիմքով։

 

«Էջմիածին» կուսակցությունների դաշինքը, որը կազմված է «Հայ Յեղափոխական Դաշնակություն» և «Համերաշխություն» կուսակցություններից, որպես քաղաքապետի թեկնածու է առաջադրել Սևակ Խաչատրյանին: Վերջինս ֆեյսբուքյան էջում նշված է, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ուսանողների և շրջանավարտների գծով պրոռեկտոր էր աշխատում։ Ի դեպ, վերջինս նախկինում հանրապետական էր: Վերջինս հանրությանն ավելի հայտնի է «Սաքուլիկ» օպերացիայից, երբ Երևանի նախկին քաղաքապետ, այժմ ԱԺ պատգամավոր Տարոն Մարգարյանը 2013թ.-ին թեկնածուական թեզ էր պաշտպանում ԵՊՏՀ-ում, իսկ Խաչատրյանն իր կուսակից ընկերների հետ խոչընդոտում էր լրագրողների աշխատանքը, որպեսզի վերջիններս հեռու մնան Տարոն Մարգարյանի թեզի պաշտպանությունից:

 

 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն Էջմիածնի գործող քաղաքապետ Դիանա Գասպարյանն է: Ինչպես երևում է՝ Դիանա Գասպարյանը մոռացել է, որ որոշակի անհամաձայնություններ ուներ իր քաղաքական ուժի ղեկավարների հետ և մունջ է եղել. միայն այդպես կարելի է բացատրել Գասպարյանի կողմից կրկին ՔՊ ցուցակով առաջադրվելու ցանկությունը և այն, որ չնայած հայտնի ձայնագրության, ՔՊ-ն միևնույն է առաջադրում է հենց Գասպարյանին:

 

«Իրական ժողովրդավարական կուսակցություն» քաղաքապետի թեկնածուն Արմեն Աբրահամյանն է. այս կուսակցության մասին միակ հայտնի փաստն այն է, որ հիմնադիր համագումարը տեղի է ունեցել 2020 թվականի մայիսի 1-ին Էջմիածին քաղաքում։

 

Վաղարշապատի ընտրություններին մասնակցելու է նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ քաղաքապետի թեկնածուն Գոռ Ստեփանյանն է։ 

 

Ինչպես երևում է՝ Էջմիածնում քաղաքական բավական վառ ներկապնակ է հավաքվել, իսկ ամիսներ առաջ ստեղծված կուսակցությունները, հեղափոխության պահապանների անդամները ՔՊ ձախողելու դեպքում կարող են օգնության ձեռք մեկնել, ի դեպ, նույնը կարելի է ասել նաև «Լուսավոր Հայաստանի» մասին, որը դեռևս իրեն չի դիրքավորել որպես արմատական ընդդիմություն, հետևաբար համագործակցությունը ՔՊ-ի հետ չի բացառվում: