Մամուլն այսօր գրել էր, որ «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրեն Արմեն Գրիգորյանը մի քանի ամիս է՝ իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում է:

 

Տեղեկությունը Երեւանի քաղաքապետարանից էլ են հաստատում՝ նշելով, որ քաղաքապետ Հայկ Մարությանի՝ դեռեւս սեպտեմբեր ամսին տված հանձնարարականի հիման վրա՝ Վերահսկողության վարչությունը ուսումնասիրություն է իրականացրել Գրիգորյանի ղեկավարած կառույցում: Ի դեպ, այս հիմնարկը ստեղծել է հենց Մարությանն` իր հավատարիմներով:

 

Նրանք դաշտից դուրս թողեցին «Սանիտեկ» ընկերությանը, սակայն, ինչպես երևում է, չհաջողվեց ստեղծել ավելի որակյալ աշխատող կառույց և ինչն էլ ավելի կարևոր է՝ կոռուպցիայից այդ կառույցը զերծ պահել:

 

Սա առաջին արձանագրումն է, որը կարելի է անել մամուլի տարածած այս տեղեկությունից:

 

Մյուս կողմից ուշագրավ է, որ Հայկ Մարությանի դեմ իշխանությունների սկսած մեդիա արշավից հետո իրավապահներն սկսել են հետաքրքրվել նրա մտերիմներով:  Սա իր հերթին նշանակում է, որ իշխանությունները մեսիջ են հղում անձամբ Մարությանին` հասկացնելով, որ ՔՊ-ի հետ լարվածության պահպանման և ՔՊ-ի ասեղը թելել հրաժարվելու դեպքում իրավապահների հաջորդ թիրախը կարող է լինել հենց ինքը` քաղաքապետը:

 

Ուշագրավ է, որ մամուլում այս երեք տարիների ընթացքում բազմաթիվ հրապարակումներ են եղել քաղաքապետարանում տեղի ունեցող այս կամ այն ապօրինության մասին, սակայն իրավապահներին հետաքրքրել է հենց այս դեպքը, ինչն ինքին խոսուն է:

 

Աղբյուրը՝ Lurer.com