Մենք այսօր գրել էինք, որ գիշերը Քանաքեռի տներից մեկում հնչած կրակոցների հետևանքով մահացել են քրեական հեղինակություն համարվող Քանաքեռցի Տույը և ԱԺ նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանը՝ Քանաքեռցի Արտուշը։ Կան նաև այլ զոհեր և վիրավորներ։ Մենք տեղեկացանք, որ գիշերը Միքայելյան համալսարանական հիվանդանոց են տեղափոխվել հինգ հոգի, որոնցից երկուսը արդեն մահացած են եղել, նրանք երիտասարդ տղաներ են, իսկ երեքին դուրս են գրել, քանզի վնասվածքները լուրջ չեն եղել։

 

Մահացածների անունները դե հայտնի չեն, միայն տեղեկացանք, որ դատաբժիշկ են հրավիրել, հիմա զբաղվում են, ավելի ուշ, հավանաբար, պարզ կդառնա՝ ովքեր են։ Բայց մեզ ասացին, որ նախնական տեղեկություններով՝ մահացածները Քանաքեռցի Արտուշի որդիներն են։ Նշենք, որ Արտուշ Սիմոնյանը չորս որդի ունի՝ Նորո, Վլադ, Հովհաննես և Հակոբ անուններով։

 

Կրակոցների հետևանքով վիրավորված մեկ հոգի էլ գիշերը տեղափոխվել է Թիվ մեկ համալսարանական հիվանդանոց։ Նա 19 տարեկան տղա է, անունը՝ Գևորգ Ջաբուրյան։ Նրա վիճակը բժիշկները գնահատում են բավարար, կյանքին վտանգ չի սպառնում։ Մենք տեղեկացանք, որ նրա հիվանդասենյակի մոտ ոստիկանական հսկողություն է իրականացվում։

 

Աղբյուրը ՝ ՀՐԱՊԱՐԱԿ