Այսօր Քանաքեռում սպանված քրեական աշխարհում հայտնի և մեծ հեղինակություն ունեցող քանաքեռցի «Տույի»՝ Արթուր Ղազարյանի և այս իշխանութունների սերտ կապի մասին բազմիցս է խոսվել։ Կան մի շարք փաստեր, որոնք ակնհայտորեն այդ մասին են վկայում։

Պատահական չէր, որ 44-օրյա պատերազմից հետո Արցախի նախագահի հրամանագրով «Տույը» պարգևատրվել էր մարտական զենքով։ Ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ ցուցումը եղել էր Նիկոլ Փաշինյանի կողմից, իսկ վերջինիս բարեխոսել էր ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ Շիշ բռնողը։ Նկատենք, որ այդ ժամանակ մարտական զենքով պարգևատրվում էին այն անձինք, որոնք զգալի աջակցություն էին ցուցաբերել Արցախին ու ակտիվ մասնակցություն էին ունեցել ռազմական գործողություններին, սակայն, թե ինչով էր աջակցել Տույը՝ այդպես էլ չիմացանք։

 

Ավելին, 2019 թվականին «Տույ» մականվամբ հայտնի քրեական հեղինակության կողմից ենթադրյալ առևանգման դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կասեցվել էր ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31 հոդվածի 1-ին կետի 1-ին մասի հիմքով, այն է՝ հայտնի չէ անձը, որը գործով պետք է ներգրավվի որպես մեղադրյալ: Հիշեցնենք, որ 2018-ի հուլիսին քաղաքացի Արման Հակոբյանը ոստիկանություն հաղորդում էր տվել այն մասին, որ 2013թ. «Տույ» մականվամբ հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյանը և մի քանի անձ իրեն առևանգել են, 7-8 ժամ պահել անազատության մեջ, ծեծի ենթարկել և սպանության սպառնալիքներ տալու միջոցով պահանջել հրաժարվել իրեն պատկանող հացի արտադրամասի իր մասնաբաժնից, որի դիմաց խոստացել են վճարել 150.000 ԱՄՆ դոլար, ինքը ստիպված համաձայնել է կատարել նրանց պահանջը, սակայն վճարել են ընդամենը 10.000 ԱՄՆ դոլար: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ, բայց, փաստ է այն, որ Հայաստանում տեղի ունեցած իշխափոխությունից հետո Տույը պատասխանատվության չենթարկվեց։ 

 

Հանրության ուշադրությունից չէր վրիպել նաև այն հանգամանքը, որ 2018 թվականի սեպտեմբերին «Քանաքեռցի Տույը» մասնակցում էր Փաշինյանի և գործարարների՝ Տավուշում կազմակերպված հանդիպմանը։ 

 

Ի դեպ, Փաշինյանի թիմում Հայկ Սարգսյանը միակը չէր, որ լավ հարաբերություններ ուներ Տույի հետ։ Դեռևս 2019-ին, այն ժամանակ «Իմ քայլից» վարչապետի խորհրդական Մեսրոպ Պապիկյանը և Կարեն Չիլինգարյանը, որոնք առաջադրվել էին Երևան քաղաքի Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում, ջերմ հարաբերություններ ունեին «Տույի» հետ․ հավանաբար, վերջինս էր աջակցում նրանց ընտրություններում։

 

Այսպիսով, որքան էլ Նիկոլ Փաշինյանը փորձում է վստահեցնել, թե իր թիմակիցները կապ չունեն քրեական աշխարհի հետ ու մերժել են նախկին իշխանությունների բարքերը, միևնույն է, իրենք ևս ունեն իրենց սրտի հեղինակություններին, որոնք, հարկ եղած դեպքում, կարող են ինչ-որ հարցեր լուծել։

 

Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 11-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ և սպանություններ են տեղի ունեցել Երևանում։ Քանաքեռի սեփական տներից մեկում հայտնաբերվել են «Քանաքեռցի Տույի»՝ Արթուր Ղազարյանի, Աժ նախկին պատգամավոր Արտյուշ Սիմոնյանի դիերը։ Ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ կան նաև այլ մահացածներ և վիրավորներ, իսկ «Քանաքեռցի Տույի» սպանության մեջ կասկածվում է նախկին պատգամավորի որդին՝ բոլորին հայտնի Տյուշ անունով: Կրակոցները հնչել են հենց նախկին պատգամավորի տանը: