Ինչպես արդեն տեղեկացրել ենք, դեկտեմբերի 5-ին ՀՀ մի շարք մարզերում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ։



Արտաշատ խոշորացված համայնքում ևս այդ օրը ընտրություններ են լինելու։ ԿԸՀ ներկայացրած դաշինքներից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորում է Արտաշատի քաղաքապետի պաշտոնակատար Կառլեն Մկրտչյանը: Մկրտչյանը մինչ պաշտոնը ստանձնելը «Արտաշատ» ջրօգտագործողների ընկերության ղեկավարի ԺՊ-ն էր։ Վերջինիս սուլում էին Արարատի մարզպետի պաշտոնը՝ Ռազմիկ Թևոնյանի մի շարք կիքսերից հետո, սակայն, Թևոնյանին հաջողվեց պահպանել իր դիրքերը, և Մկրտչյանը ստիպված եղավ բավարարվել քաղաքապետի թեկնածուի դերով:

 

«Օրենք և արդարության» ցուցակը գլխավորում է Կարեն Ղազարյանը, որը եղել է Արտաշատի նախկին փոխքաղաքապետ:  Նա համայնքում հայտնի Գազի Հովոյի՝ Հովհաննես Ղազարյանի որդին է: Ղազարյանն ու համայնքի նախկին ղեկավար Կարեն Բենիամինյանը քավոր-սանիկական հարաբերությունների մեջ են, ուստի շատերը բնական են համարում իր քավորի որդուն պաշտոն տալու նախկին քաղաքապետի որոշումը:

 

«Ալյանս առաջադիմական ցենտրիստական» կուսակցության ցուցակը՝ Տիգրան Շահբազյանը, որը ռազմագիտության ուսուցիչ է, «Հայրենիք» կուսակցության ցուցակը՝ Անդրանիկ Կիրակոսյանը, որը ՊԵԿ նախկին աշխատակից է, «Քրիստոնեա Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորում է հոգևորական Ֆիլիկ Հակոբյանը։ 
 

Հայ հեղափոխական դաշնակցության ցուցակը գլխավորում է Մանվել Հայրապետյանը, որը մոտ 30 տարի եղել է Բերքանուշ համայնքի ղեկավարը։ Նրա պաշտոնավարման ժամկետը լրանում է մի քանի օրից։  

 

Արտաշատում սպասվող ընտրություններում թերևս ամենաուշագրավն այն է, որ նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ի համար երկար տարիներ աշխատած Կարեն Բենիամինյանն այժմ էլ լծվել է ՔՊ-ականներին աջակցելով` լավագույն կերպով ի ցույց դնելով նախկինների և ներկաների համագործակցությունը: Վերջինս ոչ միայն հոժարակամ հանձնեց Արտաշատը ՔՊ-ականներին, այլ մի բան էլ ամեն հնարավոր կերպով ՔՊ-ի լոբբինգն է իրականացնում քաղաքում, կարելի է ասել՝ նույնիսկ ավելի ժրաջան կերպով, քան բուն ՔՊ-ական թեկնածուն:

 

Աղբյուրը՝ Lurer.com