Հայաստանի տարածքում վերաբացվել են  «Տաշիր պիցցա» պիցցերիաների ցանցի բոլոր մասնաճյուղերը: Այս մասին տեղեկացնում են ընկերության էջում:

Հիշեցնենք, պիցցերիաները փակ էին նոյեմբերի 5-ից, երբ հայտնի դարձավ, որ մի քանի տասնյակ մարդիկ տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ՝ թունավորման ախտանիշներով: Նրանք բոլորը հայտնել են, որ սնվել են «Տաշիր պիցցա»-ի այս կամ այն մասնաճյուղում:

Մի քանի օրվա ընթացքում թունավորված քաղաքացիների թիվը կտրուկ աճեց՝ հասնելով 179-ի:

Առաջին ահազանգը եղել էր հոկտեմբերի 4-ին: ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ այդ օրը Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն էր ընդունվել 15 քաղաքացի՝ աղիքային ինֆեկցիա նախնական ախտորոշմամբ։ Բոլոր քաղաքացիները նշել էին, որ սնվել են «Տաշիր պիցցա» հանրային սննդի կետում՝ 13-ը՝ Երևանի Հյուսիսային պողոտայում, իսկ 2-ը՝ Խանջյան փողոցի վրա գտնվող:

Այնուհետև թունավորվածների թիվը հասել էր 57-ի, 98-ի, 122-ի, 171-ի, վերջում հրապարակվեց վերջնական թիվը՝  179 քաղաքացի:

 

Հոսպիտալացվածներին այցելել էր ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Տաշիր պիցցա» սննդի ցանցն էլ հայտարարություն էր տարածել այն մասին, որ իրենց մասնաճյուղերը ժամանակավորապես փակվելու են՝ խնդրի բացահայտման և կարգավորման նպատակով:

«Տաշիր պիցցա»-ի սննդի կետերում 171 քաղաքացիների թունավորման դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Նոյեմբերի 10-ին ՍԱՏՄ-ն ու առողջապահության նախարարությունը հանդես եկան պիցցերիաների ցանցի մասնաճյուղերում իրականացված հետազոտությունների ու լաբորատոր փորձաքննությունների մասին համատեղ հայտարարությամբ: Ըստ այդմ, պարզվել էր, որ  լաբորատոր փորձարկումների արդյունքներով սահմանված նորմերին չեն համապատասխանել «Կեսար» աղցանն ու հավի թռչնամսով պատրաստված մյուս ուտեստները: Խախտումներ էին հայտնաբերվել նաև աղցանի սոուսի, մարինացված սնկի, երշիկի, կտրատած երշիկի, եփած սնկի, քերած պանրի, հավով միջուկի մեջ:

Նոյեմբրի 11-ին էլ ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի վարույթ է ընդունվել «Տաշիր Պիցցա» սննդի կետերում սուր աղիքային թունավորման դեպքերի գործը: