ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի հուշարձանն է բացվել այսօր՝ դերասանի մահվան տարելիցի օրը, Մոսկվայի Վագանկովյան գերեզմանատանը:
Հուշարձանի տեղադրման աշխատանքներին մասնակցել են Ջիգարխանյանի ընկերները, ընտանիքի անդամները, ինչպես նաև թատրոնի ներկայացուցիչները։
«Արձանը գրանիտից է։ Արմեն Բորիսովիչը ներկայացված է արդեն պատկառելի տարիքում, կարծում եմ` հենց այդպես է նրան մեծամասնությանը հիշում։ Այս կերպարը Վլադիմիր Մայակովսկու թատրոնի բեմադրության մեջ Էդվարդ Ռադզինսկու «Զրույցներ Սոկրատեսի հետ» ներկայացման նշանակալի դերերից մեկն է»,- ասել է հուշարձանի հեղինակ, քանդակագործ Միքայել Սողոյանը:
Արմեն Բորիսովիչի խորթ որդին՝ Ստեփան Ջիգարխանյանը ևս ներկա է եղել հուշարձանի բացմանն ու չնայած ավելի վաղ եղած քննադատությունների մեծ ալիքին, նա հավանություն է տվել արձանի՝ հենց այս մակետի քանդակմանը:
Հիշեցնենք, այս տարվա հունիսին աղմուկ բարձրացավ Արմեն Ջիգարխանյանի գերեզմանի անմխիթար վիճակի հետ կապված: ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի երկրպագուները նրա մահից վեց ամիս անց որոշել էին այցելել գերեզմանին ու հարգանքի տուրք մատուցել, բայց այցելելով իրենց կուռքի գերեզմանին, նրա արվեստի երկրպագուները մեծ զարմանք են ապրել՝ տեսնելով չափազանց անմխիթար գերեզմանն ու հողին հավասարված թումբը:
Բանն այն էր, որ Արմեն Բորիսովիչի գերեզմանի վրա նույնիսկ ցանկապատ չկար: Բլուրը բառացիորեն հավասարեցվել էր գետնին, իսկ հողը ծածկվել էր ավազով: Մեծ հայկական խաչը փոքր-ինչ թեքվել էր, համեստ դիմանկարը արդեն գունաթափվել էր ու ուղղակի դրված էր հենց ավազի վրա: 3 աղքատիկ արհեստական փնջերի կողքին 2 մեխակ էր եղել դրված:
Հիշեցնենք, որ Արմեն Ջիգարխանյանը մահացավ ծանր ու երկար հիվանդությունից հետո: Նա շաքարախտ ուներ, որի ֆոնի վրա սկսվել էին երիկամների լուրջ խնդիրներ: Դերասանի կյանքի վերջին տարում նրան աջակցում էին երկրորդ կինը ՝ դերասանուհի Տատյանա Վլասովան ու ընկերները:
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, սիրված դերասան Արմեն Ջիգարխանյանը կյանքից հեռացել է նոյեմբերի լույս 14-ի գիշերը, 86 տարեկան հասակում:
Ընդհանուր առմամբ Ջիգարխանյանը խաղացել է մի քանի հարյուր կինոդեր՝ դառնալով ամենաշատ նկարահանվող ռուսական դերասաններից մեկը։ Նրա հաշվին են դասվում բազմաբովանդակ դերեր լավագույն ռուսական և խորհրդային ռեժիսորների ֆիլմերում, տարբեր ժանրերի ժապավեններում, կատակերգական և արկածային կինոնկարներում, դրամաներում և երաժշտական ֆիլմերում։