Նոյեմբերի 11-ին Քանաքեռի սեփական տներից մեկում կրակոցների հետևանքով մահացած նախկին պատգամավոր Արտյուշ Սիմոնյանի 3 որդիները կալանավորվել են։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ին հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։

 

«Դատարանը բավարարել է կալանավորելու միջնորդությունը»,- նշեց նա։ 

 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին, կրակոցներ եւ սպանություններ էին տեղի ունեցել Երևանում։ Քանաքեռի սեփական տներից մեկում սպանվել էր 4 անձ, այդ թվում՝ Քանաքեռցի Տույ մականունով հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյանը, ԱԺ նախկին պատգամավոր Արտյուշ Սիմոնյանը, որի տանը տեղի էր ունեցել դեպքը։ Կային տուժածներ, 3 անձ մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց, այդ թվում՝ Արտյուշ սիմոնյանի որդին՝ Վլադիմիր Սիմոնյանը, որն ավելի ուշ ձերբակալվել էր։ Ըստ համացանցում տարածված տեղեկությունների՝ վերջինս կասկածվում է «Քանաքեռցի Տույի» սպանության մեջ։

 

 

Սպանված պատգամավորի 3 որդիներին կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել դատարան։

 

Նշենք, որ Արտուշ Սիմոնյանը 2003թ-ին մեծամասնականով Քանաքեռ -Զեյթուն վարչական շրջանից ընտրվել էր ԱԺ պատգամավոր: Իսկ նրա որդին՝ Վլադիմիր Սիմոնյանը ամիսներ առաջ էր ազատվել Կենդանաբանական այգու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից։