Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սուրեն Պապիկյանը նշանակվել է ՊՆ նախարար: Ինքը` Փաշինյանն, ԱԽ նիստի ընթացքում Արշակ Կարապետյանին հեռացնելու իր որոշումը բացատրեց հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակով, սակայն, արդարության համար նշենք, որ այդ բացատրությունը քննադատությանը չի դիմանում, քանի որ սահմանին տիրող իրավիճակը երեկ չէ որ ի հայտ է եկել:
Փաշինյանի կողմից՝ Պապիկյանին ՊՆ նախարար նշանակելու որոշման հիմքում շատ ավելի խորքային պատճառներ է պետք փնտրել: Գաղտնիք չէ, որ Պապիկյանը Նոր Հայաստանի քաղաքական էլիտայի եզակի պաշտոնյաներից է, ով ընդունելի է Մոսկվայի համար: Հետևաբար այս նշանակումն առանց Մոսկվայի անմիջական մասնակցության և միջամտության «գլուխ չի բերվել», իսկ սա էլ իր հերթին նշանակում է, որ հենց Սուրեն Պապիկյանն է Մոսկվայի համար ՀՀ վարչապետի այլընտրանքային թեկնածուն: Ինչո՞ւ հենց ՊՆ. այն պարզ պատճառով, որ ռուսական կողմի համար անչափ կարևոր է, որպեսզի ՊՆ ղեկավարը որևէ կապ չունենա, այսպես կոչված, նախկինների հետ և ՊՆ-ից գաղտնի տեղեկատվության «սլիվներ» տեղի չունենան ոչ նախկիններին, ոչ առավել ևս Արևմուտքին: Հենց դրանով է պայմանավորված Պապիկյանի թեկնածության վրա կանգ առնելը:
Վերջինս ոչ միայն ՔՊ վարչության ընտրությունների ժամանակ Փաշինյանից հետո ամենաշատ քվե ստացած անձն է, ասել է թե՝ Փաշինյանից հետո երկրորդ պաշտոնյան երկրի քաղաքական վերնախավում, այլ նաև բավական լուրջ պայքար է տանում իշխանության ներսում ծվարած սորոսական թևի հետ` փորձելով զրկել նրանց ունեցած լծակներից: Ընդ որում, այդ գործընթացն սկսել էր դեռ երկու տարի առաջ՝ ՔՊ վարչության ընտրությունների ժամանակ, երբ Պապիկյանը ընտրվեց վարչության նախագահ, իսկ մի շարք կարկառուն սորոսականներ դուրս մնացին կուսակցության ղեկավար կազմից: Ի դեպ, ուշագրավ է, որ քննարկվում է փոխվարչապետի պաշտոնում Պապիկյանի «թևից» Ռոմանոս Պետրոսյանի նշանակումը:
Պապիկյանի ՊՆ տեղափոխվելը նշանակում է, որ Փաշինյանը ՌԴ-ից, այնուամենայնիվ, ստացել է անվտանգության երաշխիքներ և այս քայլով հիմք է դնում իշխանության փուլային հանձնման գործընթացին: Ակնհայտ է, որ իր վրա դրված բոլոր պահանջները կատարելուց հետո Փաշինյանը, ինչ-ինչ պատճառաբանություններ առաջ քաշելով, կհեռանա, քանի որ ուժային կենտրոնների և հատկապես ՌԴ-ի համար կդադարի գործոն լինելուց: Այնուհետև ԱԺ-ն կառաջադրի և վարչապետի պաշտոնում կընտրի, ամենայն հավանականությամբ, հենց Սուրեն Պապիկյանին, որի գլխավորությամբ էլ կկազմվի անցումային կառավարությունը և այն կպատրաստվի հերթական ընտրություններին: Դրանցից հետո՝ ՔՊ-ական անցումային փուլի վարչապետին կգա փոխարինելու այն մարդը, ում վրա հիմնական խաղադրույքն է արել Ռուսաստանի Դաշնությունը։