Եվրամիությունը թույլ չի տա Բելառուսի տարածքից ոչ մի միգրանտի մուտքը։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
Նրա խոսքով՝ միգրանտները չպետք է մահանան, նրանք պետք է ստանան մարդասիրական օգնություն, այնուհետև հայրենադարձվեն։
«ԵՄ-ն չի կարող թողնել նրանցից ոչ մեկին։ Սակայն նրանք չպետք է մահանան անտառում։ Բելառուսական կողմը պետք է հասանելիություն տրամադրի՝ նրանց մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար և հայրենադարձի նրանց»,-ասել է Բորելը Բրյուսելում՝ ԵՄ խորհրդի նիստի արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է TASS-ը։
Նույն օրը՝ նոյեմբերի 15-ին, ԵՄ ԱԳ նախարարները համաձայնեցրել էին Բելառուսի նկատմամբ պատժամիջոցների 5-րդ փաթեթը։ Այն պետք է վերջնական տեսքի բերվի առաջիկա օրերին։