Այսօր ՀՀ ՊՆ-ն հայտնեց, որ Սյունիքի ուղղությամբ նոյեմբերի 16-ին ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների հարձակման հետևանքով ծավալված մարտերի ընթացքում հայկական կողմը, այս պահի տվյալներով, ունի 6 զոհ: Նրանց մեջ էր նաև պայմանագրային զինծառայող 1998 թ. ծնված, կրտսեր սերժանտ Արթուր Ջիվանի Մարտիրոսյանը, որը ծնվել և մեծացել էր Լոռու մարզի Անտառամուտ համայնքում։ 

 

ԼՈՒՐԵՐ.com-ը կապ հաստատեց Անտառամուտ համայնքի ղեկավարի՝ Արայիկ Գևորգյանի հետ, որն ասաց՝ հպարտ է, որ ճանաչել է Արթուրին.

 

«Շատ լավ մարդ էր, բանիմաց, խելոք, ժպիտը միշտ դեմքին, օգնում էր համայնքի բոլոր բնակիչներին»,- նշեց համայնքի ղեկավարը:

 

 

Վերջինս ասաց, որ Արթուրը ծառայել է Մատաղիսում, զորացրվելուց հետո 1 տարի ժամկետով մեկնել էր արտագնա աշխատանքի, ապա վերադարձել հայրենիք՝ աշխատելու որպես պայմանագրային զինծառայող:

 

«Տղան 15 օր դիրքում էր լինում, 15 օր ներքևում, երբ իջնում էր դիրքերից, զբաղվում էր անասնապահությամբ, ընտանիքի միակ եկամտի աղբյուրը դա է: Մի քիչ վատ են ապրում՝ կենցաղային սուղ պայմաններում»,- ասաց Արայիկ Գևորգյանը՝ հավելելով, որ ընտանիքում 4 երեխա են՝ 2 տղա, 2 աղջիկ, փոքրը՝ Արթուրն էր: 

 

Համայնքի ղեկավարն ասաց, որ Արթուրը մասնակցել է նաև 44-օրյա պետերազմին, որտեղ ստացել էր ձեռքի բեկորային վնասվածք:

 

«Վերջին անգամ, երբ Արթուրը խոսեց ինձ հետ, ասաց՝ եկող տարի պիտի ամուսնանամ»,- ցավով վերհիշեց մեր զրուցակիցը: 

 

 

Ըստ Արայիկ Գևորգյանի խոսքերի՝ ընտանիքի անդամները գիտեին, որ Արթուրը գերի է ընկել, իսկ մահվան մասին մայրը տեղեկացել է հեռուստացույցից. «Արթուրին գերեվարվածների լուսանկարներից են տեսել, ձեռքերը կապած վիճակում էին, մայրն է ճանաչել տղային: Երեկ, երբ խոսեցի Արթուրի մոր հետ, ասաց, որ տղան ողջ է, սակայն այսօր հեռուսատեսությամբ է պատահական լսել, որ որդին զոհվել է»,- պատմեց նա: 

 

Հետաքրքրվեցինք, թե տեղյակ է արդյոք՝ որտեղ է Արթուրի մարմինը, նա պատասխանեց. «Չգիտեմ՝ այստեղ է, թե չէ, ում էլ, որ զանգահարում եմ, տեղեկություն չեն տալիս այդ մասով»,- ասաց Արայիկ Գևորգյանը: