Ադրբեջանական քարոզչամեքենան այսօր ակտիվ տեղեկություններ է տարածում Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի միջև առաջիկայում ստորագրվելիք նոր համաձայնագրի մասին, որը վերաբերելու է «Զանգեզուրի միջանցքին»։ ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանն անդրադառնալով ադրբեջանական լրատվամիջոցների ու տելեգրամյան ալիքների տարածած լուրերին՝ նշեց․ «Ադրբեջանական տելեգրամյան ալիքների ասածները չեմ ուզում մեկնաբանել, որովհետև դա կլինի իրենց քարոզչությունը առաջ տանել, սակայն ինֆորմացիան չի կարող բացառվել ներկա կառավարության դեպքում։ Ինձ համար ավելի կարևոր է, թե իշխանություններն ինչ քայլերի են գնում՝ ժողովրդի մեջքի հետևում ու գաղտնի բանակցությունների ընթացքում։ Ես համոզված եմ՝ այսօրվա կառավարությունն ամեն քայլի կգնա անկախ նրանից ստորագրելով իրեն կդնի վատ կամ լավ վիճակի մեջ։ Այսինքն, եթե որոշվի, որ ստորագրելով ինքը կարող է ավելի երկար մնալ աթոռի վրա՝ կստորագրի, եթե հասկանա՝ չստորագրելով ավելի երկար կմնա՝ չի ստորագրի, այսինքն՝ իր կարևոր խնդիրը աթոռին կառչած մնալն է․ վերջ»,- նշեց Հակոբյանը։
Ընդդիմադիր պատգամավորը ոչ միայն չի բացառում Փաշինյանի կողմից փաստաթուղթ ստորագրելու հանգամանքը, այլև նշում է՝ վարչապետն անձամբ է հայտնել այդ մասին․ «ԱԺ-ում և կառավարության նիստի ժամանակ ինքը հայտարարեց, որ պատրաստվում է ստորագրել։ Չնայած հետո բառախաղ օգտագործելով Փաշինյանը շարունակում է, թե փաստաթղթում կա բովանդակային աշխատելու անհրաԺեշտություն, ենթադրում եմ իրեն տալիս է այն ժամանակը, որ ինքը հերթական անգամ ձգի այս ամեն ինչը։ Ռեալ խոսենք՝ ինքը շատ լավ հասկանում է, որ եթե ստորագրի՝ գոնե մենք ամեն ինչ կանենք, որ որպես քաղաքական գործիչ դա լինի իր վերջին քայլը»,- ասաց նա։
Հակոբյանը պատահական չի համարում նաև Ռուսաստանի պատվիրակության ներկայությունը Հայաստանում՝ նշելով, որ այն շղթայի մի մասն է։