Այսօր առավոտից ադրբեջանական լրատվամիջոցները սկսել են լուրեր շրջանառել «Զանգեզուրյան միջանցքի» մասին՝ նշելով, որ առաջիկա օրերին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի միջև նոր համաձայնագիր կստորագրվի։ ԼՈՒՐԵՐ․com-ը փորձեց մեկնաբանություն ստանալ ՀՀ արտաքին գործերի նախարարությունից․ «Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին փաստաթուղթ չի ստորագրվելու»,- մեզ հետ զրույցում հակիրճ պատասխանեց ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։
Տարածված լուրերի վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաև ՀՀ կառավարությունից, բայց մեր բազմաթիվ զանգերն անպատասխան մնացին։ Սակայն իշխանական լրատվամիջոցներին Կառավարությունից հավաստիացրել են, թե «Զանգեզուրյան միջանցքի» մասին ՀՀ կառավարության դիրքորոշումը չի փոխվել. «Միջանցքի մասին խոսելն անգամ ավելորդ է, չի լինելու: ՀՀ կառավարությունը, հավատարիմ մնալով իր իսկ սկզբունքներին, անգամ ավելորդ է համարում ԶԼՄ-ներում շրջանառվող, այսպես կոչված, միջանցքի մասին քննարկումները մեկնաբանելը»,- փոխանցել են Կառավարությունից: