Այսօր՝ նոյեմբերի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ՝ 57-ամյա Լևոն Մովսիսյանը իր վարած ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի՝ Փարաքար գյուղի վարչական տարածքում՝ Փարաքարի դպրոցի դիմաց, վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի։

 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վրաերթի հետևանքով կին հետիոտնը տեղում մահացել է, իսկ աղջիկ հետիոտնը մարմնական վնասվածքներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է նախ՝ «Աստղիկ» բժշկական կենտրոն, ապա՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

 

 

Կայքի տեղեկություններով՝ վարորդը եղել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր՝ «Շմայս» մականվամբ Առաքել Մովսիսյանի եղբայրը՝ «Լոլո» մականվամբ Լևոն Մովսիսյանը, ով դեպքից հետո ինքնակամ ներկայացել է ոստիկանության Վաղարշապատի բաժին։



Քննչական բաժնի պետի տեղակալի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 



Կայքի տեղեկություններով՝ մահացածն ու վիրավորը մայր ու դուստր են։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և վիրավորի ինքնությունը։