Երեկ ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ ՀՀ և Ադրբեջանի վարչապետների հանդիպումը տեղի է ունենալու դեկտեմբերի 15-ին Բրյուսելում: Բացի այդ, ձեռք է բերվել ՊՆ նախարարների մակարդակով ուղիղ կապ պահպանելու համաձայնություն: Ուշագրավն այստեղ այն է, որ դեռ հոկտեմբերի վերջից սկսած մեդիա տիրույթում խոսակցություններ էին գնում Մոսկվայում եռակողմ ֆորմատով հանդիպում կազմակերպելու և ինչ-ինչ փաստաթղթեր ստորագրելու հավանականության մասին: Իսկ ի՞նչ եղավ դրանից հետո:

 

Նոյեմբերի սկզբին սորոսական կայքերից մեկով տեղեկատվական սլիվ կազմակերպվեց, համաձայն որի՝ նոյեմբերի 9-ին Փաշինյանը Մոսկվայում պետք է երկրորդ կապիտուլյացիոն ակտը ստորագրեր: Մոսկվայից ո՛չ հերքեցին, ո՛չ հաստատեցին հանդիպման անցկացման մասին լուրերը: Ինքը` Փաշինյանը, նոյեմբերի 8-ին տված իր հարցազրույցում հայտարարեց, որ հանդիպում նախատեսված չէ, դրանից ժամեր առաջ ռուսական կողմը հայտարարել էր հաջորդ օրը հանդիպում անցկացնելու պայմանավորվածության մասին: Փաստացի, Փաշինյանն իր հարցազրույցով բացահայտ հերքեց Մոսկվային և ցույց տվեց, որ հանդիպման ներկայանալ չի պատրաստվում: 

 

 

Դրան հաջորդեց սահմանային լարվածությունը և բախումը Սյունիքում ու Վայոց Ձորում, ինչի ֆոնին Փաշինյանի թիմակիցները կազմակերպված ակցիա, նույնիսկ դեմարշ սկսեցին ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի դեմ՝ ԱԺ ամբիոնից հայտարարելով, որ Մոսկվան չի կատարում իր դաշնակցային պարտավորությունները, ՀԱՊԿ-ին այլընտրանք գտնելու ժամանակն է և այլն: Նույն օրը կառավարությունը հայտարարեց, որ վարչապետը ընդունել է ԱՄՆ նախագահի հանդիպման առաջարկը և տեղի կունենա Փաշինյան-Բայդեն հանդիպում: Այս լուրը, մեղմ ասած, մանիպուլացված է ներկայացվել, քանի որ Փաշինյանը Վաշինգտոն չի մեկնելու, հանդիպումը տեղի է ունենալու օնլայն ֆորմատով, իսկ կոնֆերանսին հրավիրված է ոչ միայն Փաշինյանը, այլ շուրջ 100 երկրի ներկայացուցիչ: Այնուամենայնիվ, այս տեղեկության տիրաժավորումը հենց ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի դեմ կազմակերպած գրոհի օրն ինքնին պատահականություն չէ:

 

Երեկ էլ ՌԴ նախագահի խոսնակը և ՌԴ ԱԳՆ ղեկավարը հայտարարում էին, որ եռակողմ հանդիպումը կկայանա այն ժամանակ, երբ բոլոր կողմերը տան իրենց համաձայնությունը: Այսինքն՝ Մոսկվան ակնարկում է, որ կողմերից մեկը, ամենայն հավանականությամբ, հենց պաշտոնական Երևանը, տորպեդահարում է այս հանդիպումը: Միևնույն ժամանակ, Լավրովը պնդում էր, որ եռակողմ ֆորմատով հանդիպումն այնպայման տեղի է ունենալու:

 

 

Այն տեղի է ունենում, սակայն ոչ եռակողմ ֆորմատով և ոչ Մոսկվայի հովանու ներքո: Ավելին` այս հանդիպման մասին հայկական կողմն իմանում է ոչ թե արտահոսքերից, այլ այդ մասին պաշտոնապես հայտարարում է ԵՄ նախագահը, այն էլ հանդիպումից մեկ ամիս առաջ: Սա նշանակում է, որ Փաշինյանը հերթական անգամ ցանկանում է քցել Մոսկվային, վերջինիս ներկայացնել ոչ հուսալի դաշնակից, թույլ մեդիատոր և հերթական անգամ կտրուկ  շրջարդարձ է կատարում դեպի Արևմուտք: Ըստ էության, սրանով նաև փորձ է արվում Մոսկվայի ձեռքից խլել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման արբիտրի մենաշնորհը և այն փոխանցել Արևմուտքին: Այն, որ Փաշինյանը գնում է դրան, վկայում է նաև այն հանգամանքը, որ Հայաստանը փաստացի մերժեց Մոսկվայի առաջարկած 3+3 ֆորմատը` նախապատվությունը տալով ԵԱՀԿ Մինսկի խմբին: Մինչդեռ հենց երեկ էր ՌԴ ԱԳՆ նախարարը հայտարարել, որ ԵԱՀԿ անդամ պետությունների միջև ճգնաժամը խորանում է: 

 

Թե ինչ գին կվճարեն Հայաստանն ու Արցախը Փաշինյանի հերթական արտաքին քաղաքական ռևերսի արդյունքում՝ ցույց կտա ժամանակը, սակայն, ակնհայտ է, որ Փաշինյանը Արևմուտքին սիրաշահելով՝ իշխանությունը պահպանելու և երկարաձգելու հերթական փորձն է անում:

 

Աղբյուրը՝  Lurer.com