Երևանում քաղաքացիների տարբեր խմբեր փակել էին մայրաքաղաքի փողոցները:

 

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ակցիայի մասնակիցները մտադիր են ժամը 14:00-ին հավաքվել կառավարության շենքի դիմաց՝  ՀՀ վարչապետը Նիկոլ Փաշինյանից պահանջելու բացահայտել, իրենց խոսքով, սեղանին դրված փաստաթուղթը, որը վերաբերում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանագծմանն ու սահմանազատմանը:

 

Փողոցը փակած ակցիայի մասնակիցներից «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության ղեկավար Արա Զոհրաբյանը հայտարարել էր, որ ճանապարհները փակելու են 44 րոպե: Նա նշեց, որ դա սահմանին տիրող իրավիճակի ուղղությամբ քաղաքացիների ուշադրությունը հրավիրելու միակ ձևն է:

 

Ակցիայի՝ փողոց փակած մասնակիցներից մեկն էլ բարձրախոսով հայտարարեց, թե սկսել են ազատագրական շարժում, որը նպատակ ունի կանխել սահմանազատման և սահմանագծման հարցով ծրագիրը և իրենք էլ պատրաստվում են ժամը 17:00-ին հավաքվել Հանրապետության հրապարակում, իր խոսքով՝ տեր կանգնելու երկրին:

 

Ակցիայի մասնակիցը շեշտեց նաև, որ հավաքի նպատակներից է  իրազեկել երկրում տիրող իրավիճակի մասին և կոչ արեց քաղաքացիներին՝ միանալ իրենց:

 

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ՌԴ-ն դելիմիտացիայի և դեմարկացիայի նախապատրաստական փուլի առաջարկ է արել, որն ընդունելի է հայկական կողմի համար: