Այսօր տեղեկություն տարածվեց, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մեղադրյալի կարգավիճակով հարցաքննության է կանչվել Հակակոռուպցիոն կոմիտե: Ըստ երրորդ նախագահի փաստաբանի` Սերժ Սարգսյանը հարցաքննության է հրավիրվել գործարար Սիլվա Համբարձումյանի ցուցմունքի հիման վրա:
Ուշագրավը, սակայն, այն է, թե ինչ իրադարձություններից հետո իշխանությունները կրկին օրակարգ բերեցին «կաշառքի տիրուհի» Սիլվա Համբարձումյանին: Ընդամենը մեկ օր առաջ ԱԺ ասուլիսի ընթացքում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը հայտարարել էր, որ Փաշինյանը լավ կլինի քիչ շրջանառի 5 միլիարդի թեման և, առհասարակ, քիչ դրդի Վանեցյանին բարձրաձայնել այս կամ այն իրողությունները նրա մասին, որոնք պարունակում են նաև պետական գաղտնիք։ Դա, ըստ Մամիջանյանի, վստահաբար Փաշինյանի շահերից չի բխում։
Շատերի համար այս հայտարարությունը տարակուսելի էր, քանի որ ընդդիմադիր Վանեցյանի համար առաջնային պետք է լինեին իրեն քվե տված քաղաքացիների և պետության շահերը, ոչ թե Փաշինյանինը: Մինչդեռ Վանեցյանի թիմակցի հայտարարությունն ավելի շուտ սպառնալից նախազգուշացում էր, որ Վանեցյանը կարող է, ի վերջո, հրապարակել իր ձեռքի տակ ունեցած գաղտնի տեղեկությունը, եթե Փաշինյանը տա դրա առիթը: Ի դեպ, ինքը՝ Վանեցյանը, իր հրապարակային հայտարարություններում բազմիցս հայտարարել է, որ պետական գաղտնիք բացահայտողը պետական դավաճան է, սակայն ակնհայտ է, որ պետության համար օրհասական վիճակում այն բոլոր անձինք, ովքեր ունեն տեղեկություններ, որոնք կարող են կանգնեցնել երկրի գահավիժումը, պետք է խոսեն, պետական գաղտնիքով արդարանալն այլևս չի աշխատում, ավելին՝ բազմաթիվ հարցեր է առաջացնում:
Փաշինյանի պատասխան քայլը «Պատիվ ունեմ»-ի այս հայտարարությանը, ինչպես տեսնում ենք, չուշացավ: Սակայն, թիրախում ոչ թե Վանեցյանն է, այլ վերջինիս քաղաքական թիմի ղեկավարը՝ Սերժ Սարգսյանը, ով, ի դեպ, ամիսներ առաջ նույնպես սպառնացել էր Փաշինյանին վերաբերվող ուշագրավ տեղեկություններ հրապարակել, սակայն, մինչ օրս դեռևս այդ քայլին չի դիմել: Փաշինյանը հասկացնում է Վանեցյանին և Սարգսյանին, որ եթե վերջիններս փորձեն հրապարակել ինչ-ինչ բացահայտող տեղեկություններ, ապա նա կարող է կիրառել իր ձեռքի տակ եղած թերևս գլխավոր լծակը՝ իրավապահ համակարգը: Այսօր փոխվել է Սերժ Սարգսյանի կարգավիճակը՝ վկայից վերածվելով մեղադրյալի, սակայն, ինչպես հասկանում ենք, սա ընդամենը նախազգուշացնող, եթե կուզեք նաև՝ կանխարգելիչ քայլ էր: Մյուս կողմից Փաշինյանը, իհարկե, կօգտագործի առիթը հանրության ուշադրությունը շեղելու և սեփական աջակիցներին «ոգևորելու» նպատակով: Թե ինչպես կզարգանան իրադարձությունները՝ ցույց կտա ժամանակը և ընդդիմության՝ հանրության հետ անկեղծ և բաց խոսելու պատրաստակամության աստիճանը:
Աղբյուրը