Երբ մենք ասում ենք, որ դեմարկացիայի եւ դելիմիտացիայի առաջարկն ընդունելի է Հայաստանի համար, դա չի նշանակում, որ առաջարկը 100 տոկոսով համապատասխանում է ՀՀ պատկերացումներին: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 23-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք դրանով ուզում ենք ի ցույց դնել, որ ուզում ենք գնալ լուծումների: Ռուսաստանը փորձ էր արել եւ փորձ է անում Ադրբեջանի եւ մեր դիրքորոշումներից ինչ-որ մի միջին բան դուրս բերել: Ես ուզում եմ բարձր գնահատել ՌԴ նախագահի անձնական ջանքերը, ՌԴ ՊՆ-ի ջանքերը, ԱԳՆ-ի ջանքերը: Եթե 100 տոկոսով մեր շահերին համապատասխան լինեն այդ առաջարկները, Ադրբեջանը դրա հետ չի համաձայնելու: Պետք է գանք մի միջին տարբերակի: Դինամիկ պրոցես է գնում: Եթե ես հայտարարեմ, որ այ սա է առաջարկել ՌԴ-ն եւ մենք համաձայն ենք այդ տրամաբանության հետ, նախ հրապարակման պահից այդ տրամաբանությունն այլեւս գոյություն չի ունենա, քանի դեռ Ադրբեջանն էլ չի հայտարարել, որ ընդունում է: Դիվանագիտական աշխատանք կա, որը հրապարակային դարձնելով այդ աշխատանքը դադարում է գոյություն ունենալուց եւ պետք է ամեն ինչ սկսել զրոյից»,-ասաց նա:
Փաշինյանը նշեց, որ դեմարկացիայի եւ դելիմիտացիայի վերաբերյալ վերջին առաջարկները շատ չեն տարբերվում դրանից առաջ եղած առաջարկներից. «Զորքերի հետքաշման գաղափարը մենք ենք առաջարկել, բայց հարց է ծագում՝ ինչ սկզբունքով եւ որ տարածքներում հետ քաշել զորքերը, իսկ ի՞նչ կետի նկատմամբ հայելային հետ քաշել զորքերը, իսկ ինչպես ապահովել երաշխիքը, որ հետ քաշված զորքերը մթության քողի տակ չեն սկսելու տեղաշարժվել եւ նոր դիրքեր զբաղեցնել:
Եթե դեմարկացիա եւ դելիմիտացիան պետք է տեղի ունենա բախումների ներքո, այդ ողջ պրոցեսը ձախողված է»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ այս ամենի շուրջ աշխատում են ամենօրյա ռեժիմով:
«Կա թյուրըմբռնում, որ թուղթ է ստորագրվելու դեմարկացիայի եւ դելիմիտացիայի արդյունքների մասին. նման բան հնարավոր չէ. ստորագրվելիք փաստաթուղթը լինելու է հետեւյալի մասին, որ Հայաստանն ու Ադրբեջանը ձեւավորում են հանձնաժողով, որը սկսում է զբաղված դեմարկացիայի եւ դելիմիտացիայի աշխատանքներով: Այդ թղթի մեջ գրված չի լինելու, որ սահմանն անցնում է այստեղով, այստեղով»,-ընդգծեց Փաշինյանը: