«Հրապարակ»-ը գրում է․  «Երեկ տեղեկություն ստացանք, որ կիրակի օրը՝ նոյեմբերի 21-ին, վթարի է ենթարկվել պարեկային ծառայության ղեկավար Արթուր Ումրշատյանը։ Նա Toyota Corolla-ով շուռ է եկել։ Հետը եղել է կինը, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Մեզ ասացին նաեւ, որ պարեկային ծառայության ղեկավարն ալկոհոլ օգտագործած է եղել, բայց հիմա ամեն կերպ փորձում են թաքցնել այդ փաստը։ Ուշագրավ է, որ ոստիկանությանն «առընթեր» կայքերն այս վթարի մասին որեւէ բան չեն գրել՝ խնայելով իրենց համակարգի պաշտոնյաներին։

Հակառակ դեպքում ճոխ վերնագրերով կողողեին համացանցը՝ հընթացս գեղարվեստական երանգներով նկարագրելով նաեւ պարեկների հերոսական գործողությունները։ Իսկ երբ այդ նույն պարեկների ղեկավարը վթար է առաջացնում, դրա մասին՝ ոչ մի խոսք։ Մենք փնտրեցինք եւ ոստիկանության կայքում գտանք այն հաղորդագրությունը, որտեղ նկարագրված է այդ օրը տեղի ունեցած ավտովթարը։

Հաղորդագրության մեջ առկա տվյալները համընկնում են մեր տեղեկության հետ, թեեւ որեւէ անուն նշված չէ, թե ովքեր են վթարի մասնակիցները։ Ըստ հաղորդագրության՝ «նոյեմբերի 21-ին, ժամը 22.15-ի սահմաններում, Արտաշատ-Վերին Արտաշատ ճանապարհի 3-րդ կմ-ին «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ շրջվելով՝ հայտնվել դաշտում. 41-ամյա վարորդը եւ 37-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն»։ Նշենք, որ Ումրշատյանը 41 տարեկան է, մյուս տվյալները եւս համապատասխանում են մեր տեղեկություններին, բայց որոշեցինք լրացուցիչ ճշտել: Պարեկային ծառայության մեր աղբյուրներն ասացին, որ հենց այս վթարի մասին է խոսքը։

Մեկնաբանություն ստանալու համար կապ հաստատեցինք նաեւ պարեկային ծառայության ղեկավարի՝ Արթուր Ումրշատյանի հետ։ Նա սկզբում սիրալիր սկսեց պատասխանել մեր հարցերին, ապա երբ հիշատակեցինք ավտովթարը, ասաց՝ տեղս հարմար չէ, մի ժամից զանգեք:
«Հենց հիմա նենց ա վիճակս՝ չեմ կարա խոսամ»,- ասաց նա։

- Մեզ ասացին՝ Ձեր կինը հիվանդանոցում է, Դուք է՞լ եք հիվանդանոցում։

- Այո, ես էստեղ եմ, իր մոտ եմ, նորմալ ա ամեն ինչ, ոչ մի խնդիր չկա, եթե ուրիշ բան կհետաքրքրի, մի քիչ ուշոտ զանգեք։

- Ասացին՝ նաեւ խմած եք եղել ղեկին։

- Դե, սխալ բան են ասում, ինչ ասում են, մնացածը կճշտեք Դուք։ Շնորհակալություն, հաջողություն»։

Լուսանկարն՝ արխիվային է։