Ամիսներ առաջ մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Հայաստանը ձեռք է բերել «Պեգասուս» լրտեսող ծրագիր, որով ապօրինի գաղտնալսումներ են իրականացվում։ Անվտանգության հարցերով փորձագետ Ռուբեն Մուրադյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Հայաստանում 2 անձ արդեն նախազգուշացում է ստացել, որ իր բջջային հեռախոսում գործում է այդ ծրագիր․ «Այս գիշեր Հայաստանում առնվազն երկու մարդ Apple-ից նախազգուշական նամակ է ստացել այն մասին, որ իրենց հեռախոսներում Pegasus լրտեսող ծրագիր է տեղադրված»,- գրել է նա։
Ըստ տարածված տեղեկությունների՝ «Պեգասուս» գաղտնալսման համակարգը Նիկոլ Փաշինյանը ձեռք է բերել 7 միլիոն դոլարով, ենթադրաբար, այսպես ասած, ներքին և արտաքին թշնամիներին գաղտնալսելու համար։ Համակարգը հասանելի է դարձնում Սիգնալ, Վոթսապ, Տելեգրամ, Ֆեյսբուք սոցիալական ցանցերը: Այն հեռախոսում ներբեռնվում է առանց այն մարդու գիտության, ում պատկանում է․ սովորական գովազդային լինք է ուղարկվում հեռախոսին, որը բացելիս համակարգն ավտոմատ բեռնվում է հեռախոսում։
«Պեգասուս»-ը՝ իսրայելական NSO Group ընկերության ֆլագմանական արտադրանք է, որը մշակում է ծրագրային ապահովում կիբերհարձակումների համար։ Ստեղծված NSO Group տեխնոլոգիան թույլ է տալիս հաճախորդներին, իմանալով միայն պոտենցիալ թիրախային հեռախոսահամարը, ներդնել Pegasus-ը հեռախոսի մեջ: Ընկերությունում պնդում են, որ համագործակցում են միայն կառավարությունների հետ և իրենց արտադրանքը չեն վաճառում անհատներին կամ ընկերություններին: