«Հետք»-ը գրում է.
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում ջանք չեն խնայում, որպեսզի Արմավիրի մարզի երթուղային ցանցերից մեկը տրամադրեն ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին և նրա մտերիմին՝ քրեական գործերով անցնող Ռուբեն Կոստանյանին («Նորագյուղցի Բոգո»)։ Այդ նպատակով մրցույթ են հայտարարել, փոփոխել դրա պայմանները, որպեսզի Ալեքսանյանի և Կոստանյանի հետ փոխկապակցված ՍՊԸ-ն հաղթող ճանաչվի։ Տեսնելով, որ նրանց ընկերության մրցակիցը կարող է հաղթող ճանաչվել՝ նախարարությունը ձևական խախտում է արձանագրել մյուս մասնակցի փաստաթղթերում և չեղարկել մրցույթը։
«Հետք»-ի խմբագրություն է դիմել Երևան-Արմավիր երթուղին այժմ սպասարկող «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊ ընկերության տնօրեն Շուշանիկ Խաչատրյանը՝ ներկայացնելով նախարարության, իր բնորոշմամբ, ապօրինի գործողությունները։
Այսպես, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը 2021 թվականին մրցույթ է հայտարարել Արմավիրի մարզի Արմավիրի տարածաշրջանի միասնական երթուղիների համար։ Մրցույթի հաղթողը 14 ուղղությամբ պետք է սպասարկի բնակչությանը։ Ուղղություններից մեկը Երևան-Արմավիր երթուղին է, մյուսները Արմավիր քաղաքից հարակից գյուղեր և հակառակ ուղղությամբ են։
Մրցույթի հայտարարության մեջ նշվել են պայմանները։ Դրանցից գլխավորն այն է, որ մրցույթին դիմողները պետք է մինչև 30 նստատեղ ունեցող ավտոբուս ներկայացնեն՝ բացառությամբ Արմավիր-Երևան երթուղուց։ Արմավիր-Երևան երթուղու համար պետք է ավտոբուսները 21-ից 30 նստատեղ ունենան։ Այսինքն՝ նստատեղերի նվազագույն շեմ է նշվել։
Մրցույթի մասին հայտարարությունից մոտ 10 օր անց նախարարությունը հանել է Արմավիր-Երևանի համար սահմանված առնվազն 21 նստատեղի պահանջը։
Դա ըստ Շուշանիկ Խաչատրյանի՝ պայմանավորված է նրանով, որ իր մրցակից «Ընկերներ տրանս» ՍՊԸ-ն արդեն Հայաստան էր ներմուծել միկրոավտոբուսներ, որոնք չէին կարող բավարարել այդ պայմանին։ Պատկերացրեք մի իրավիճակ, երբ մրցույթի մասնակիցը դեռ չգիտի հաղթելու է, թե ոչ, բայց ներմուծում է մեքենաները։ Կարելի է ենթադրել, որ «Ընկերներ տրանս» ՍՊԸ-ն վստահ է եղել, որ հաղթելու է և ֆինանսական միջոցներ է հատկացրել, գնել և Երևան է տեղափոխել միկրոավտոբուսները։
Նախարարության պաշտոնական կայքում չգտանք առաջին հայտարարությունը, որը մեզ տրամադրեց Շուշանիկ Խաչատրյանը։ Ի տարբերություն նախարարության կայքում տեղադրված փաստաթղթի՝ սկզբնական տարբերակում եղել է «21-ից 30» նստատեղի պայմանը։ Ի դեպ, նման էական նշանակություն ունեցող պայմաններ նախարարությունը իրավունք չի ունեցել փոփոխելու։
Բացի դրանից, պայման է եղել, որ ընկերությունները պետք է պետական դեպոզիտ հաշվին վճարեն երթուղին շահագործելու թույլտվությունը ստանալուց հետո ներդրվող ավտոբուսների գնի 1․5 տոկոսի չափով գումար։ Այդ պայմանին կանդրադառնանք ստորև։
Այդուհանդերձ մրցույթին դիմում են և՛ Շուշանիկ Խաչատրյանի ղեկավարած «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ն, և՛ Սամվել Ալեքսանյանի և Ռուբեն Կոստանյանի հետ փոխկապակցված «Ընկերներ տրանս» ՍՊԸ-ն։
Մանրամասները այստեղ.