Ադրբեջանը Հայաստանին է հանձնել Հայաստանի երկու քաղաքացու, որոնցից մեկը գերի էր ընկել նոյեմբերի 16-ին սահմանին տեղի ունեցած բախումների ժամանակ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Ադրբեջանի գերիների, պատանդների եւ անհայտ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովին։ Ադրբեջանը «նոյեմբերի 26-ին Հայաստանին է հանձնել ազգությամբ հայ երկու քաղաքացու, որոնցից մեկը Արին Ժիրայրի Արամյանն է, որը վիրավորվել էր 2021 թվականի նոյեմբերի 16-ին տեղի ունեցած ռազմական գործողությունների ժամանակ»,- ասված է հայտարարության մեջ։
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ `ՀՀ երկրորդ քաղաքացին նոյեմբերի 23-ին Արցախի Մարտունու շրջանի Աշան համայնքի 21-ամյա բնակիչ Միհրան Մուսայելյան է, որը մոլորվել և անցել էր Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածք։ Հայկական կողմից տեղեկությունը առայժմ չեն մեկնաբանում։
Հիշեցնենք`նոյեմբերի 16–ին` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն էին նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ, կրակը դադարեցվել էր ռուսական կողմի միջնորդությամբ։