Երևանի քաղաքապետի որոշմամբ Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Սաշա Կատվալյանը, ով մինչ այս զբաղեցնում էր վարչական շրջանի ղեկավարի տեղակալի պաշտոնը:

 

Որոշեցինք ուսումնասիրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով վերջինիս կողմից ներկայացրած հայտարարագիրը և բավական ուշագրավ թվերի ականատես եղանք: Մասնավորապես, որպես կանխիկ գումար Կատվալյանի մոտ նշված է 6 միլիոն ԱՄՆ դոլարը: Առաջին հարցը, որ կարող է առաջանալ, որտեղի՞ց շարքային պաշտոնյային այդքան գումար, ի վերջո նա ոչ Սամվել Ալեքսանյանն է, ոչ էլ որևէ այլ օլիգարխ: Չնայած պետք է փաստենք, որ անգամ Սամվել Ալեքսանյանը կերազեր ունենալ կանխիկ այդչափ մեծ գումար: Տպավորություն էր, որ իշխանությունները որոշել են զարմացնել հպարտ քաղաքացիներին և ՀՀ ամենահարուստ մարդկանցից մեկին, ով ունի 6 միլիոն դոլարի գրպանի փող, նշանակել շարքային թաղապետ: Մյուս կողմից էլ՝ իսկ ո՞ւր մնաց քյասիբ հեղափոխականների կրեդոն և ամպլուան, եթե այդ հեղափոխականներն այսօր օլիգարխիկ վայելքների մեջ են:

 

 

Մեր այս մտորումները փարատելու նպատակով կապ հաստատեցինք Դավթաշենի նորանշանակ ղեկավարի հետ, ով մեզնից պակաս չէր զարմացած իր ունեցած ֆինանսական միջոցների ծավալներից:  «Անկեղծ ասած, զարմացա, որ ասացիք 5 միլիոն դոլար, որովհետև դրամ պետք է նշված լինի, հնարավոր է՝ հայտարարագիրը լրացնելիս վրիպակ է տեղի ունեցել, դրա համար ասացի՝ դա նորմալ աշխատավարձով կարող էի կուտակել»,- նշեց Կատվալյանը:

 

Անշուշտ, այդքան գումար ունեցող անձը պետք է լիներ Ֆորբսի ցուցակում, այլ ոչ թե թաղապետի աթոռին: Պարզվեց՝ Կատվալյանը հայտարարագրել է ոչ թե 6 միլիոն դոլար, այլ 6 միլիոն դրամ: Կոռուպցիայի կանխարգելման խորհրդում ոմանց անփութության արդյունքում նորաթուխ թաղապետն սկսելու էր շարժել շատ և շատ օլիգարխների նախանձը: Աակայն, փաստենք, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի փնթի աշխատանքը կարող է և բազմաթիվ անհարմարություններ ստեղծել պաշտոնյաների համար, հետևաբար չէր խանգարի, որպեսզի վերջիններս հանձնաժողովի կայքում իրենց հայտարարագրերը հրապարակելուց հետո ստուգեն այն, որպեսզի օրերից մի օր չպարզվի, որ Իլոն Մասկից հարուստ են: