Ռուսաստանը կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների ռազմավարական և դաշնակցային բնույթը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ երկկողմ հանդիպման ժամանակ՝ հույս հայտնելով, որ երկրների միջև ապրանքաշրջանառությունը կհասնի մինչհամավարակային ցուցանիշի, փոխանցում է RIA Novosti-ն։
«Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կրում են ռազմավարական, դաշնակցային բնույթ, պատմական խորը արմատներ ունեն։ Մենք դա մեծապես կարևորում ենք և ամեն կերպ կաջակցենք մեր շփումների այդ մակարդակի պահպանմանը»,- ասել է Պուտինը։
Նա անդրադարձել է նաև երկրների միջև տնտեսական համագործակցությանը։ «Ճիշտ է, վերջին մեկ տարվում ապրանքաշրջանառությունը մի փոքր նվազել է, բայց այս տարի այն աճում է արագացված տեմպերով։ Հուսով եմ՝ այն ոչ միայն կհասնի մինչհամավարակային մակարդակին, այլև կանցնի»,-ասել է Պուտինը։