«Փաստ» օրաթերթը գրում է.

 

«Նախօրեին ՀՀ դատախազությունը հայտարարություն տարածեց, որ 2021 թ. նոյեմբերի 16-ին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների կողմից ՀՀ Սյունիքի և Վայոց ձորի մարզերի մարտական հենակետերի ուղղությամբ հարձակում գործելու վերաբերյալ քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են ՀՀ ՊՆ N զորամասի 2-րդ հրաձգային գումարտակի մեկ պայմանագրային զինծառայող և նույն զորամասի գումարտակի հրամանատարի պաշտոնակատար: Այնուհետ հավելեցին, որ որպես մեղադրյալ է ներգրավվել նաև մեկ շարքային զինծառայող: Իհարկե, բնական է, որ նման վիճակում պետք է իրականացվի համակողմանի քննություն՝ պարզելու բոլոր հանգամանքները: Այստեղ երկու կարծիք չկա:

 

Սակայն նոյեմբերի 16-ի հետ կապված ուշագրավ այլ հանգամանքներ են հայտնի դարձել «Փաստին»: Մասնավորաբար, մեր աղբյուրները փոխանցում են, որ Սյունիքի և Վայոց ձորի մարզերի ուղղությամբ տեղի ունեցած ադրբեջանական հարձակումից, հայ զինծառայողների գերեվարվելուց, զոհվելուց և տարածքային կորուստներից հետո Նիկոլ Փաշինյանը հանձնարարություն է տվել ՀՀ սուվերեն տարածքները հանձնելու պատասխանատվությունը ամբողջությամբ դնել զորքի վրա։ Իշխանությունը նպատակ ունի ցույց տալ, որ իրականում խնդիրը ոչ թե ռազմաքաղաքական ղեկավարությունն է, այլ «ներքևի օղակի» տարբեր զինվորականներ։

 

Այդպիսով իշխանությունները փորձելու են իրենց վրայից մաքրել «չկրակելու» թեման, որի հետ կապված հարցադրումներ են բարձրացվել թե՛ լրատվամիջոցներում, թե՛ նույնիսկ Ազգային ժողովում։ Այս ճանապարհին, ըստ էության, գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ բանակի նկատմամբ իշխանական ճնշումները արտահայտվում էին նախ՝ մինչ պատերազմյան շրջանը, ապա՝ կապված 44-օրյա պատերազմի հանգամանքների հետ, իսկ վերջին օրերին՝ ադրբեջանական սադրանքների ու ագրեսիայի»: