Գյումրիի նախկին քաղաքապետ, ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը կալանավորվել է: Տեղեկությունը ԼՈՒՐԵՐ. com-ի հետ զրույցում հաստատեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը: 

 

Մինչ այդ, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի խորհրդական Գոռ Աբրահամյանը տեղեկացրել էր, որ Քրեական գործով ՀՀ Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության համար մեղադրվող Սպարտակ Ղուկասյանը, ում նկատմամբ հետախուզում էր հայտարարվել 2021թ. սեպտեմբերի 17֊ից, հայտնավերվել է և բերման ենթարկվել ոստիկանություն:

 

Հիշեցնենք` ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնություն կիրառելու սպառնալիքի դեպքի առթիվ քննվող քրեական գործով 2021թ. օգոստոսի 18-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից Սպարտակ Ղուկասյանին մեղադրանք էր առաջադրվել ու միջնորդություն ներկայացվել դատարան նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:

 

Կալանավորման որոշումից անմիջապես հետո Սպարտակ Ղուկասյանը դիմել էր փախուստի. սեպտեմբերի 17-ին ոստիկանությունը նրա նկատմամբ հետախուզում է հայտարարել։