Երբ դու ի վիճակի չես լինում քո հայրենիքը պաշտպանելու, դու կորցնում ես հայրենիք ունենալու իրավունքը, իսկ մենք չպետք է կորցնենք այդ իրավունքը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 27-ին, Հանրապետության հրապարակում «Ազատագրական շարժման» հրավիրված հավաքին հայտարարեց «Զարթոնք» կուսակցության նախագահ  Արա Զոհրաբյանը։

 

«Այսօր 6-րդ օրն է, որ մենք շրջում ենք Երեւանի փողոցներով։ Վաղը՝ 7-րդ օրը, երթով գնալու ենք դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որը լինելու է համախմբման  ուխտագնացություն։ Մենք ոտքով ենք գնալու, բայց կլինեն նաեւ մեքենաներ, որոնք ավագ սերնդի ներկայացուցիչներին կտեղափոխեն։ Նախատեսում ենք ժամը 12։00-ին  այստեղից շարժվել։ Էջմիածնում հոգեւոր առաջնորդների հետ մեր աղթոքը կբարձրացնենք, եւ կփորենք այդ համախմբման ոգին ձեռք բերել։ Վաղը կհայտարարենք նաեւ մեր հերթական գործողությունների մասին»,- ասաց «Զարթոնք» կուսակցության նախագահ Արա Զոհրաբյանը։

 

 

Ապա  «Ազատագրական շարժման» անդամները եւ հավաքի մասնակիցները սկսեցին երթ իրականացնել Երեւանի կենտրոնոական փողոցներով։

 

Նշենք, որ այսօր հրավիրված հավաքին, շարժման անդամներն անդրադառնալով նոյեմբերի 26-ին Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների ստորագրած փաստաթղթղին, որով ՌԴ խորհրդատվական օժանդակությամբ պետք է Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ստեղծվի  սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողով, հայտարարեցին, որ պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականները։

 

 «Ազատագրական շարժումը» կոչ է անում կուսակցություններին, կազմակերպություններին, անհատներին միավորվել այս երկու պահանջի ներքո։