Այսօր՝ նոյեմբերի 30-ին կայացավ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը։
Նիստի օրակարգային հարցերից էր՝ ՀՀ կառավարության կողմից ներկայացված «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։
Նախագծի հիմնական զեկուցողն էր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը։
ՀՀ ոստիկանության պետի տեղակալը ներկայացնելով նախագիծը՝ ընդգծեց․ «Օրինագծի ընդունումից հետո այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավական հնարավորության մասին գրավոր հավաստման հիման վրա ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու դեպքում՝ անձի ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ ՀՀ նախագահի հրամանագիրն ուժի մեջ կմտնի օտարերկրյա քաղաքացիություն ստանալու ապացույցը նրա կողմից անձնագրային ծառայություն ներկայացնելու պահից»։
Արա Ֆիդանյանի խոսքով՝ նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու ժամանակ գրավոր առաջարկներ չեն ներկայացվել, սակայն նախագծի նախկին քննարկման ընթացքում ԱԺ պատգամավոր Արամ Վարդևանյանի կողմից ներկայացվել է 2 առաջարկ, որից մեկն ընդունվել է։ Ըստ ընդունված առաջարկի՝ պահանջվող տեղեկությունները ոչ թե քաղաքացիները կհավաքագրեն տեղեկանքների տեսքով, այլ կհավաքագրվեն լիազոր մարմնի՝ Ոստիկանության կողմից համապատասխան մարմիններին հարցումներ կատարելու միջոցով։
Հարցը դրվեց քվեարկության և ստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը։