Դեկտեմբերի 5-ին, ի թիվս այլ համայնքների, տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ են անցկացվելու նաև Արարատի մարզի Մասիս խոշորացված համայնքում, որտեղ ընտրապայքարն ընթանում է Մասիս քաղաքի նախկին քաղաքապետ, այժմ «Դավիթ Համբարձումյան» դաշինքով ընտրություններին մասնակցող Դավիթ Համբարձումյանի և իշխանության ներկայացուցիչ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Սայեն Հայրապետյանի միջև։

 

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «Դավիթ Համբարձումյան» դաշինքի նախընտրական ցուցակում երկրորդ հորիզոնականը զբաղեցնող թեկնածու Նորայր Հակոբյանը, խոսելով ավարտին մոտեցող քարոզարշավի մասին, ահազանգեց՝ իշխանության ներկայացուցչի քարոզարշավն ընթանում է վարչական ռեսուրսի կիրառմամբ ու բազմաթիվ խախտումներով։

 

«Մասիս քաղաքում և խոշորացման ենթակա մյուս համայնքներում կա վարչական ռեսուրսի կիրառում։ Բերեմ օրինակ՝ երեք օր առաջ Նոր Խարբերդ համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուի քարոզարշավին մասնակցում էր այդ ուժի նախընտրական ցուցակում չընդգրկված մարզպետը՝ Ռազմիկ Թևոնյանը, ինչը օրենքի խախտում է»,- ասաց Հակոբյանը։

 

Հիշեցնենք, որ Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանի որդին՝ Սեդրակ Թևոնյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր է։

 

Մեր զրուցակցի խոսքով՝ ոչ միայն օրենքի խախտմամբ մարզպետը մասնակցում է Մասիսում ՔՊ-ի քարոզարշավին, այլ նաև մարզպետարանից հրահանգված է բոլոր դպրոցների և մանկապարտեզների տնօրեններին և աշխատակազմին՝ պարտադիր մաս կազմել ՔՊ-ի քարոզարշավին։

 

Առավել մանրամասն՝  168.am