Դեկտեմբերի առաջին օրը/օրերին Մոսկվայում սպասվում է Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի եւ Շահին Մուստաֆաեւի հանդիպում, որի ընթացքում կքննարկվեն նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած բարձր մակարդակով բանակցությունների մանրամասները, հայտնում է «Ալիք Մեդիան»:
«Ալիք Մեդիան մոսկովյան սպասվող հանդիպման բովանդակության մասին տեղեկություններ է ստացել դիվանագիտական վստահելի աղբյուրներից, սակայն ձեռնպահ է մնում այս պահին հրապարակել ավելին՝ առաջնորդվելով բանակցությունները չվնասելու տրամաբանությամբ:
Այս պահին կարող ենք նշել, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանից բացի Ադրբեջանի հետ բանակցություններում ներգրավվելու է Հայաստանից բարձրաստիճան մեկ այլ պաշտոնյա: Այսպիսով, տեղի է ունենալու աշխատանքի բաժանում երկու հիմնական ուղղություններով՝ ճանապարհներ-կոմունիկացիաներ-անկլավներ եւ երկրորդ՝ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանների սահմանազատում-սահմանագծում:
Ընդգծենք նաեւ, որ հայկական կողմին հաջողվել է օրակարգից հեռու պահել միջանցքի մասին թուրք-ադրբեջանական պնդումները: Բաքուն, փոխարենը, փորձում է առաջիկայում ստորագրվելիք փաստաթղթերի մեջ ներառել Հայաստան-Ադրբեջան սահմաններին եւ Արցախին վերաբերող կետ:
Նոյեմբերի 26-ին Սոչիում կայացել է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպում, որի ավարտին ընդունվել է եռակողմ հայտարարություն»,- գրում է կայքը: