Մաքսակետերի տեղադրումը կրելու է հերթական ֆիկտիվ բնույթը, և չեմ կարծում, որ դա խոսակցությունից այնկողմ, առարկայական կողմ կթեքվի, այդտեղ մաքսակետ ունենալու տրամաբանությունը ո՞րն է, ադրբեջանական ո՞ր մի մեքենան է գալու այդտեղ մաքսազերծվի։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց Սյունիքի նախկին մարզպետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը։
Վերջինս նշեց, որ իրանական բեռնափոխադրումների համար Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող ճանապարհն ավելի գրավիչ է մի շարք պատճառներով։
«Նախ այդ ճանապարհն ավելի լայն է, ծանրաբեռնված չէ, և իրանցիներն ունեն Ադրբեջանի կողմից առաջարկվող էժան վառելիք։ Այլընտրանքային` Տաթև-Աղվանի ճանապարհի վրա տեսնում ենք ինչպիսի խցանումներ են, մառախուղ, երբ ձյուն գա, պատկերացրեք` ինչ վիճակ կլինի։ Եթե մեկ մեծ բեռնատար է փորձում մտնել ոլորանի մեջ, բլոկվում են բոլոր մեքենաները ու այդ հատվածը 2-3 ժամում են անցնում»,– ասաց նա։
Անդրադառնալով ճանապարհների ապաշրջափակմանը` Հակոբյանը նշեց. «Երբ այս Կառավարությունը փոխվի, մեզ հաջողվի իրենցից ազատվել ու երբ Հայաստանի շահերը կներկայացնեն այն մարդիկ, որոնց շարժառիթները կբխի ազգային և պետական շահից, մենք կունենաք հնարավորություն ազատելու այդ ճանապարհները, և ոչ միայն դա, նաև Ճակատենը և այլն»։
Վահե Հակոբյանը նշեց, որ «Հայաստան» դաշինքը պատրաստ է այդ պարտավորություններն ստանձնել` առաջին պլան բերելով ազգային ու պետական շահը։
Խոսելով տարածված այն տեղեկությունների մասին, որ Իշխանասարից ադրբեջանական զորքը հետ է քաշվել, Վահե Հակոբյանն ասաց, ինքն այդպիսի տեղեկություն չունի։
«Քանի որ հիմա այնտեղ եղանակային ոչ բարենպաստ պայմաններ են, ըստ երևույթին ադրբեջանցիները մտել են իրենց կայանների մեջ ու պետք չէ ինչ-որ գյուղապետի վրա հղում անել։ Ինչո՞ւ պետք է հետ քաշվեն, իրենք տեսնում են, որ իրենց դիմաց թուլամորթ անձնավորություն է, ինչո՞ւ պետք է հետ քաշվեն։ Այն պնդումը, որ հետ են քաշվել, որևէ հիմք չունի, ադրբեջանցիները շարունակում են մնալ իրենց դիրքերում, սա իմ կարծիքն է»,- ասաց Սյունիքի նախկին մարզպետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը։