Այսօր տեղեկություններ էին տարածվել, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Տեր Ղազար քահանա Պետրոսյանին կարգալույծ անելու հարց է դրվել, որն ունի քաղաքական ենթատեքստ, քանի որ քահանան մշտապես քննադատել է ներկայիս իշխանություններին։ Բանն այն է, որ դիմումի հիմքը «Ապաշխարենք կառուցելով» ֆեյսբուքյան էջում հրապարակված քաղաքական նյութն է, որն Արտաշատում տեղի ունենալիք ընտրություններում «Քրիստոնեական Հայաստան» կուսակցության ավագանու անդամի քարոզչական հոլովակն է եղել, քանի որ էջի ադմիններից մեկն էլ Տեր Ղազարն է։
ԼՈՒՐԵՐ․com-ը Մայր Աթոռից փորձեց պարզել՝ արդյո՞ք Տեր Ղազար քահանա Պետրոսյանին կարգալույծ անելու հարց դրված է, թե՞ ոչ, սակայն լրատվական կառույցի ղեկավար Տեր Եսայի քահանա Արթենյանը մեզ հետ զրույցում փոխանցեց, որ նման հարց չի քննարկվում․ «Տարածված փաստաթուղթը հենց այն մասին է, որ բազմիցս իրեն զգուշացվել է` և՛ բանավոր, և՛ գրավոր, որ հոգևորականը իրավունք չունի կուսակցական քարոզչությամբ զբաղվելու։ Բայց այդ պահին իր կարգալուծության հարցը չի քննվում, դա ընդամենն իր առաջնորդի զգուշացումն է»,- նշեց նա։
Նկատենք, որ դեռևս 2019-ին, նույն հոգևորականը փիլոնազուրկ էր հայտարարվել` ինչպես Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինն էր նշել՝ «հոգևորականին ոչ հարիր կեցվածքի, իր հովվական առաքելությունից շեղվելու, հուզական պոռթկումների տակ ճշմարտությունից հեռանալու համար»։ Այն ժամանակ Տեր Ղազար քահանա Պետրոսյանն ակտիվ մասնակցում էր բողոքի ակցիային, որը կազմակերպվել էր ընդդեմ Աժ-ում տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանի ելույթի։
Տեր Ղազար քահանա Պետրոսյանը հանդես է եկել հովվական խոսքով՝ նշելով, որ ինքը «Քրիստոնեական Հայաստան» կուսակցության անդամ չէ, այլ հոգևոր խորհրդատուն է, ապա կրկին քննադատել պետության ղեկավարներին․ «Հայաստանի Հանրապետությունը մեր սիրելի պետությունն է, ուստի մի քանի հանգամանքներ պետք է շտկվեն, որպեսզի պետական լծակները ոչնչապաշտների ձեռքից փոխանցվի խոնարհ քրիստոնյաների ձեռքը։ Ես շնորհակալութթյուն եմ հայտնում «Քրիստոնեական Հայաստան» կուսակցության բոլոր անդամներին և ավագանու 31 անդամներին իրենց քաջության, անձնվիրության համար, ես քաջատեղյակ եմ՝ իրենք ինչպիսի քաղաքական հալածանքների են ենթարկվում տարբեր ուղղություններից»,- տեսանյութում նշում է Տեր Ղազար քահանա Պետրոսյանը։
Ավելի ուշ հայտարարություն տարածեց նաև Մասյացոտնի թեմի տեղեկատվական բաժինը, որտեղ ևս հերքվում է այդ տեղեկությունը․ «Հայտնում ենք, որ ներկայիս նման հարց չի քննարկվում: Արձանագրենք, որ որևէ եկեղեցական Եկեղեցու ընդհանուր դիրքորոշումների շրջանակներում ազատ է արտահայտել իր համոզմումներն ու տեսակետները հասարակական-քաղաքական տարբեր երևույթների և իրադարձությունների մասին: Միաժամանակ, սակայն, եկեղեցականը չի կարող իրականացնել քաղաքական-կուսակցական գործունեություն, հիմնել կուսակցություն, անդամակցել վերջինիս և զբաղվել զուտ քաղաքական-կուսակցական գաղափարների քարոզչությամբ ու տարածմամբ: Հիշյալ հարցերի վերաբերյալ Արժանապատիվ Տ․ Ղազար քահանա Պետրոսյանի հետ քանիցս զրույցներ ու քննարկումներ եղել են, տրվել են բանավոր և գրավոր զգուշացումներ ու նկատողություններ իր վարքագծի և օգտագործած բառապաշարի առնչությամբ»,- հայտնում են Մասյացոտնի թեմի տեղեկատվական բաժնից: