2018 թվականի Թավշյա հեղափոխությունից ամիսներ անց Հայաստանի նոր իշխանությունները պատեհ և անպատեհ առիթները օգտագործում էին՝ երկրում առկա գնանկման մասին հայտարարություններ անելու նպատակով: Մասնավորապես, շատ էր թմբկահարվում ամենահեղափոխական մրգի՝ բանանի և բենզինի գների որոշակի նվազման հանգամանքը, ինչը, իհարկե, կապվում էր հեղափոխության բերած դրական փոփոխությունների հետ: Իսկ ի՞ նչ ունենք այդ հեղափոխությունից շուրջ չորս տարի անց և որքանո՞վ է թանկացել կյանքն այն հպարտ քաղաքացիների մոտ, որոնց չորս տարի առաջ խոստանում էին, որ վերջիններս լավ են ապրելու:
Դիցուք՝ գազի գինը սահմանին 2018 թվականին կազմում էր 150 դոլար: 2019-ի սկզբից սահանին Հայաստանի համար մատակարարվող ռուսական գազի գինը բարձրացավ 15 դոլարով՝ դառնալով 165 դոլար` 1000 խմ համար:
2018-ին խմելու ջրի սակագինը կազմում էր 180 դրամ և անձամբ Նիկոլ Փաշինյանն էր վստահեցնում, որ մինչև 2024 թվականը այդ սակագինը չի բարձրանա: Երեկ հայտնի դարձավ, որ հունվարի 1-ից սահմանվում է նոր սակագին՝ 200,47 դրամ:
Բենզինի գները Հայաստանում 2018-ին կազմում էին 420 դրամ: Այսօր բենզինի գինը նորանոր ռեկորդներ է խփում՝ հասնելով 510-20 դրամի:
Ամենահեղափոխական միրգը՝ բանանը, որի գնանկումը այդքան փիառվել էր Փաշինյանի և թիմակիցների կողմից, նույնպես թանկացել է: 2018-ին բանանի մեկ կգ-ի գինը հասել էր 420 դրամի, այսօր այն միջինը 850 դրամի է հասնում:
2018-ի համեմատ թանկացել է նաև հացը: Փոքր բոքոնը 110 դրամի փոխարեն այսօր հասնում է 140-150 դրամի: Հրազդանը (450 գրամ) արժե 300 դրամ, իսկ մատնաքաշ հացի կես կիլոգրամը՝ 350 դրամ։
Թանկացել է նաև մսամթերքը: Տավարի մսի մեկ կիլոգրամը 2900 դրամից դարձել է 3000 դրամ, իսկ գառան մսի մեկ կիլոգրամը գերազանցում է 4500 դրամ արժեքը:
Երեւանի սուպերմարկետներում եւ խանութներում վաճառվող ամենամատչելի ձեթի 1 լիտրը 2018 թվականին 930 դրամ էր, այսօր արդեն 1180 դրամ է:
2018-ին շաքարավազի 1 կգ-ն 200-250 դրամով էր վաճառվում, այսօր այդ գինը հասնում է 340 դրամի:
Տրանսպորտի գները 2018-ի համեմատ բարձրացել են 10%-ով, որը հիմնականում պայմանավորված է տաքսի ծառայությունների սակագների բարձրացմամբ։
Առողջապահության ծառայությունները, 2018 թվականի համեմատ, թանկացել են 5.3%-ով,
Ինչպես տեսնում ենք՝ կյանքը հեղափոխությունից հետո ոչ միայն չի էժանացել, այլև կտրուկ թանկացել է: Եվ այս ամենը բացատրվում է ինչպես արտաքին շուկաների ազդեցությամբ, այնպես էլ գործող իշխանությունների ապաշնորհ քաղաքականությամբ և ընդունված որոշումներով, ինչպես նաև մոնոպոլիաների մեջքը ջարդելու անվճռականությամբ: 2018-ի համեմատ` կյանքը Հայաստանում ամենամեղմ հաշվարկներով թանկացել է 40.5 տոկոսով: Ինչպես կասեր դասականը՝ «Սերգո ջան, լավ չես ապրելու...»:
Աղբյուրը՝ Lurer.com