Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Քննչական կոմիտեն կալանավորել է Մասիսի քաղաքապետի՝ Դավիթ Համբարձումյանի եղբորը՝ պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու գործով:
Հավելենք, որ րոպեներ առաջ Քննչական կոմիտեն հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է.
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են երկու և ավելի անձանց պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դեպքի հանգամանքները։
Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Մասիս քաղաքի 33 և 39-ամյա բնակիչները, քննությամբ դեռևս չպարզված անձանց հետ նախնական համաձայնության գալով Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայում մարմնավաճառությամբ զբաղվող անձանց պոռնկությամբ զբաղվելու նպատակով նշված տարածքում կանգնելը թույլատրելու, գործունեության ընթացքում առաջացած խոչընդոտները հարթելու, տեղափոխման համար տրանսպորտային միջոցներ տրամադրելու եղանակով նպաստելու, ինչպես նաև նրանց կողմից հաճախորդներից ստացված գումարները հավաքագրելու միջոցով օգուտ ստանալու շուրջ, մարմնավաճառներից մեկի օժանդակությամբ, 2021թ. մարտից մինչև հունիսն ընկած ժամանակահատվածում նպաստել են մի շարք անձանց պոռնկությամբ զբաղվելուն: