Դեկտեմբերի 5-ին Հայաստանի մի շարք մարզերում, այդ թվում Տավուշում կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ: Տավուշում բավականին լարված ընտրություններ են սպասվում այն առումով, որ մարզի ղեկավար Հայկ Ղալումյանը, կարծես թե, այնքան էլ գոհ չէ այն բանից, թե ի վերջո ում վրա է կանգ առել ՔՊ-ի ընտրությունը և ում թեկնածությունն է առաջադրվել համայնքապետի պաշտոնի համար:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորում է Նոյեմբերյան համայնքի նախկին ղեկավար, ժ/պ Կարեն Աբազյանը։ Նա 2016 թվականի սեպտեմբերի 18-ին կայացած ՏԻՄ ընտրություններում ընտրվել է Նոյեմբերյան համայնքի ղեկավար: Նախորդ ընտրությունների ժամանակ եղել է անկուսակցական, իսկ այս` դեկտեմբերի 5-ին կայանալիք ընտրություններին մասնակցում է ՔՊ-ի ցուցակով։ Ընտրական ցուցակում Կարեն Աբազյանին հաջորդում է Արայիկ Պարանյանը։ Նա Այրում համայնքի ժամանակավոր պաշտոնակատարն է, իսկ ցուցակի 3-րդ համարը «Նոյեմբերյան» ԲԿ-ի աշխատակազմի ղեկավար Հայկանուշ Բեգլարյանն է: Ընտրական ցուցակում առաջադրված թեկնածուները 33-ն են, բոլորը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ։
Մարզպետը, ինչպես գիտենք, ցանկանում է համայնքներում ունենալ յուրային ներկայացուցիչների: Հիշեցնենք, որ իշխանական պատգամավոր Վահե Ղալումյանի և նրա մարզպետ եղբայր Հայկ Ղալումյանի «դաբրոյով» էր, որ Արթուր Ճաղարյանը ներկայացվել էր իշխանություններին ու արժանացել` Իջևանում որպես թեկնածու առաջադրվելու հավանությանը: Իջևանում Ղալումյանը յուրայինի հարցն արագ լուծեց, ինչը չես ասի Նոյեմբերյանի մասին, Աբազյանի ԺՊ նշանակվելու հանգամանքը կարծես թե այնքան էլ մարզպետի սրտով չի եղել: Տպավորություն է, որ մարզպետը ոչ մի կերպ չի օժանդակում Աբազյանի նախընտրական քարոզարշավին, քարոզարշավի ընթացքում աջակցման գեթ մեկ խոսք չի ուղղել վերջինիս, հետևաբար, կարելի է ենթադրել, որ Նոյեմբերյանում կրքերը դեկտեմբերի 5-ին թեժ են լինելու:
Արդյունքում՝ Նիկոլ Փաշինյանի ծրագիրը՝ Տավուշը ՔՊ-ականացնելու և մի շարք գյուղեր հեշտությամբ ադրբեջանականացնելու մասով, կարծես թե, բախվում է իր քավորի անձնական ամբիցիաներին, որոնց արդյունքում ՔՊ-ի դիրքերը գալիք ՏԻՄ ընտրություններին ընդառաջ բավական թույլ են: Հաշվի առնելով նաև, որ ՔՊ մրցակիցները Նոյեմբերյանում լավ են պատրաստվել այս ընտրություններին: Բացի ՔՊ-ից, այստեղ կպայքարեն նաև «Ապրելու երկիր» կուսակցությունը և «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունը: